Վեդիում առաջադրումները կմեկնարկեն փետրվարի 10-ին
Վեդիում մարտի 27-ին նշանակված արտահերթ ՏԻՄ համամասնական ընտրություններում քաղաքական ուժերի առաջադրումը մեկնարկում է փետրվարի 10-ին, ավարտվում՝ փետրվարի 20-ին։ Գրանցումը կատարվում է մինչև փետրվարի 25-ը ժամը 18։00-ն։
ԿԸՀ պաշտոնական էջում հրապարակված ժամանակացույցից Panorama.am-ը տեղեկացավ, որ արտահերթ ընտրությունների քարոզչությունը մեկնարկում է մարտի 3-ին, կշարունակվի մինչև մարտի 25-ը ժամը 24։00-ը։
Մասնակից քաղաքական ուժերը, դրանցում ներառված թեկնածուները կարող են ինքնաբացարկի դիմում ներկայացնել մինչև մարտի 17-ը։ Քվեաթերթիկները տպագրվում են մարտի 17-ին։
Ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունների տվյալների մուտքագրումը համակարգիչ ավարտվում է մարտի 28-ին ժամը 16։00-ին։
Քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու, վերահաշվարկի վերաբերյալ դիմումները կարող են ներկայացվել մարտի 28-ին ժամը 12։00-ից մինչև ժամը 18։00-ն, մարտի 29-ին ժամը 9։00-ից մինչև 11։00-ն։
Վերահաշվարկի աշխատանքները սկսում են մարտի 29-ին ժամը 14։00-ից, ավարտվում են ապրիլի 1-ին ժամը 14։00-ին։
Քվեարկության արդյունքներն ամփոփվում են և արդյունքների վերաբերյալ որոշումն ընդունվում է ապրիլի 3-ին։
Հիշեցնենք, որ Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում արտահրթ ընտրություններ նշանակվեցին այն բանից հետո, երբ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ համամասնական ընտրությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ պարտության մատնվեց։
Իշխանությունները չհամակերպվեցին պարտության հետ, արդյունքում ՔՊ-ականներն ու «Հանրապետություն» կուսակցության ընտրացուցակում ընդգրկված ընտրված ու չընտրված անդամներն ինքնաբացարկ հայտնեցին՝ ըստ էության պարտադրելով նոր ընտրություններ։
Մինչ արտահերթ ընտրությունները Վեդի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գարիկ Սարգսյանը, որն արդեն հասցրել է ազատվել ընդդիմադիր, ինչպես նաև իրեն նախորդ ընտրություններում պարտության մատնած համայնապետերից։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Գարիկ Սարգսյանը մարտին նորից պարտվելու է, և պատճառներից մեկը մարզպետի պաշտոնը ժառանգական դարձնելու Փաշինյանի որոշումն է լինելու
- Վեդիում համայնքապետի ընտրությունները կանցկացվեն մարտի 27-ին
- Կառավարության որոշմամբ` Վեդիում կանցկացվեն ավագանու արտահերթ ընտրություններ
- «Հրապարակ». Վեդի համայնքում անիշխանության վիճակ է
- Վեդիում նոր ընտրություններ կանցկացվեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան