ԻՊ-ն ստանում է ապօրինի միջազգային ֆինանսավորում
«Իսլամական պետություն»-ը նավթի անօրինական վաճառքից օրական ստանում է 1,5 մլն դոլար եկամուտ: ԻՊ-ին նվիրված իր անդրադարձում այս մասին նշում է «Russia Today» լրատվական գործակալությունը:
Հենց այս պատճառով, ըստ «Russia Today»-ի, «Իսլամական պետություն»-ը վեր է ածվել աշխարհի ամենահարուստ ահաբեկչական կազմակերպության:
Ըստ աղբյուրի` մաքսանենգ «սև ոսկին» մեծ պահանջարկ է վայելում ողջ Մերձավոր արևելքում, մասնավորապես` Թուրքիայում, իրաքյան Քրդստանում և նույն Սիրիայում:
Դուբլինի քոլեջի ֆինանսների ամբիոնի պրոֆեսոր, տնտեսագետ Կոստանտին Գուրջիևը գործակալությանը տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե բացի նավթի վաճառքից, ի՞նչ այլ եկամուտի աղբյուրներ ունի «Իսլամական պետություն»-ը նշել է, որ ահաբեկչական խմբավորման ձեռքում են հայտնվել բազմաթիվ մասնավոր ակտիվներ, որենք գտնվում են Իրաքի և Սիրիայի այն տարածքներում, որոնք վերահսկվում են խմբավորման կողմից:
Տնտեսագետի խոսքով` ինչպես նմանատիպ ցանկացած խմբավորման, այնպես էլ ԻՊ-ի բյուջեն բավական սահմանափակ է և եկամտի հիմնական աղբյուրը, այդուամենայնիվ, մնում է նավթի վաճառքը:
Բացի դրանից, ըստ Կոստանտին Գուրջիևի, «Իսլամական պետություն»-ը աջակցություն է ստանում նաև ապօրինի կապիտալի տեսքով:
«Այդ իսկ պատճառով նպատակահարմար է խոսել անօրինական ֆինանսական հոսքերի մասին ավելի լայն իմաստով: Ես ունեմ լուրջ կասկածներ, որ ԻՊ-ն ստանում է ապօրինի միջազգային ֆինանսավորում»,- նշել է Կոստանտին Գուրջիևը: