Արմեն Սարգսյանի հրաժարականը թույլ է տալիս ասելու՝ ներքաղաքական և արտաքին լուրջ գործընթացներ կարող են սկսվել. Օհանյան
«Նախագահն իր պարտականությունները լիարժեք չի կարողացել կատարել, որքան էլ տեքստի մեջ ակնարկներ կատարի»,- Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին։
Ըստ նրա, նախագահը կարող էր նախագահական ինստիտուտը որպես զսպող մեխանիզմ ձևավորել, որը թույլ չէր տա Հայաստանում բավականին լուրջ թերություններ։
«Օրինակ, նրա լուռ համաձայնությամբ կամ նաև կառավարության հետ համագործակցությամբ, բավականին ազդել է ՀՀ կադրային քաղաքականության վրա։ Գոնե ռազմական ոլորտում կադրային նշանակումները կամ կադրերից ազատումները թույլ են տալիս ասելու, որ նրանք մակերեսորեն են վերաբերվել այդ գործընթացին։ Լուրջ հարված է եղել խրախուսման, արժանավորներին գնահատման գործընթացում և նաև օրենսդրական գործունեության մեջ», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Ս.Օհանյանն ընդգծեց, որ Արմեն Սարգսյանի հրաժարականը թույլ է տալիս ասելու, որ ներքաղաքական և արտաքին լուրջ գործընթացներ կարող են սկսվել, որոնք հարված են ՀՀ-ին և ինքը խուսափում է այդ ամենից։
«Ես վերջին ժամանակահատվածում նախագահի ինստիտուտի գործունեությունը որևիցե կերպ չեմ կարող համադրել մեր պետականության ամրապնդման և դրա շուրջ ընթացող որևէ գործընթացի հետ, և չեմ կարող ասել, որ ՀՀ նախագահի ինտիտուտը որևէ գործունեություն է ծավալել:
Ես ցավում եմ, որ Արմեն Սարգսյանն իր հրաժարականը տվել է դրսից: Չգիտեմ՝ ինչն է պատճառ եղել: Ինքը կարծես, որևէ առողջական խնդիր չունի, կամ եթե ունի, ինքը պետք է բացատրի դրա մասին»,- ասաց Ս. Օհանյանը:
Ըստ նրա, այսօրվա մեր Սահմանադրությունը թույլ է տալիս, որ Հանրապետության գլուխն իր պարտականությունները կատարի. «Եթե ինքը ապացուցելու խնդիր ունի վերաբերվող հայ ժողովրդի ապագային, ինքը ընդհակառակը, պետք է լինի այստեղ, շարունակի իր գործունեությունը և ապացուցի, համապատասխան ընթացք տա, թե ինչ նպատակներ ունի»։
Ս.Օհանյանի կարծիքով, այն գործընթացները, որոնք տեղի են ունեցել ՀՀ-ում վերջին տարիների ընթացքում, նաև ՀՀ նախագահի անգործունեության և լուռ համաձայնության արդյունք են։
«Ինքն իր կարողություններով ուներ հնարավորություն ուսումնասիրելու մեր Սահմանադրությունն ու իր պարտականությունները կատարել։ Դա նշանակում է՝ կամ նրանք ունեցել են պայմանավորվածություններ ներկայիս կառավարության հետ, կամ կարող է ճնշումներ են եղել, կամ իր պարտականությունները չի կատարել և թերացել է։
Ինչ վերաբերում է նրա հրաժարական տալուն, կարող է ներքաղաքական ու աշխարհաքաղաքական պայմաններ լինեն, լինեն նոր փաստաթղթեր, որոնցից ինքը խուսափում է»,- ասաց նա։
Ս.Օհանյանի խոսքով, նախագահի նոր ընտրություն կլինեն, այդ ընտրություններում ընդդիմադիր դաշինքն իր խոսքը կասի։
«Մենք քննարկելուց հետո համապատասխան տեղեկություն կտանք։ Հանրապետության նախագահ պետք է ընտրվի այն մարդը, ով մեծ հեղինակություն ունի ոչ միայն Հայաստանում, այլ նաև սփյուռքում։ Երբ այդ գործընթացը սկսվի, մենք կքննարկենք, դրա մասին հայտարարություն կանենք»,- ասաց Սեյրան Օհանյանը։
Հարցին՝ Արմեն Սարգսյանին հայրենասեր համարո՞ւմ է, Ս. Օհանյանը պատասխանեց. «Չեմ կարծում, թե այն անձը, որն իր պաշտոնավարման ընթացքում պարտականությունները չի կատարել, իր բոլոր լծակները չի օգտագործել, ասենք, ստեղծված իրավիճակին համապատասխան պետությանն աջակցելու, գործընթացներ չի իրականացրել զսպելու այն բոլոր թերությունները, որոնք եղել են, և այս դժվար իրավիճակում հրաժարական է տալիս, մենք կարող ենք ասել, որ ունի հայրենասիրության ինչ-որ մի մակարդակ»։
Հարակից հրապարակումներ`
- Ինչպես կհիշվի ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը
- Ալեն Սիմոնյանը՝ Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումի մասին
- Արթուր Վանեցյան. Ինձ համար Արմեն Սարգսյանի հրաժարականն առնվազն ուշացած է
- Քաղաքագետ. Եվ վերջապես, ինչու այլևս սխալվելու հնարավորություն ազգը չունի
- Արմեն Աշոտյան. Մեր երկրի գլխին նոր ուժեղ շանթի նախաշեմին Արմեն Սարգսյանը որոշել է թռնել
- Արմեն Սարգսյանի հրաժարականի տեքստից կոնկրետ ազդակներ կան. Արամ Վարդևանյան
- ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան