Դուդուկահար Արսեն Պետրոսյանը Songlines Music Awards 2022-ին առաջադրվել է «Լավագույն արտիստ» անվանակարգում
Դուդուկահար Արսեն Պետրոսյանը հեղինակավոր Songlines Music Awards 2022-ին առաջադրվել է «Լավագույն արտիստ» անվանակարգում՝ իր «Հոգին ճանապարհ» (Hokin Janapar) ալբոմով։
Songlines Music Awards-ը միջազգային հեղինակավոր մրցանակաբաշխություն է, անցկացվում է արդեն 14-րդ անգամ։ Մրցանակաբաշխությանն ամեն տարի առաջադրվում են աշխարհի տարբեր երկրիների տաղանդավոր երաժիշտներ, և այն լայնորեն լուսաբանվում է միջազգային լրատվամիջոցների կողմից։ Հեղինակավոր ստուգատեսի կայքի միջոցով հնարավոր է քվեարկել լավագույն արտիստի և երաժշտական խմբի համար։ Քվեարկությունը բաց կլինի մինչև հունվարի 31-ը։
Արսենը ևս առաջադրվածների թվում է «Լավագույն արտիստ» անվանակարգում։ Երաժշտի հաղթանակի շնորհիվ հայկական երաժշտությունն էլ ավելի կտարածվի աշխարհում և հաղթանակը կնպաստի մեր մշակույթի հանրահռչակմանը։
Նշենք, որ Պետրոսյանի Լոնդոնում թողարկված «Հոգին ճանապարհ» (Hokin Janapar) ալբոմը լայն տարածում ունի ամբողջ աշխարհում։ Ձայնասկավառակի շուրջ հաջորդ ամիս Արսենը հյուրախաղերով հանդես կգա Եվրոպական մի շարք քաղաքներում։
Արսեն Պետրոսյանը ծնվել է 1994թ., Չարենցավանում: Չնայած երիտասարդ տարիքին՝ Արսենն ակտիվ միջազգային գործունեություն է ծավալում՝ հետևելով դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանի և իր ուսուցիչ Գևորգ Դաբաղյանի խորհուրդներին և քայլերին։ Միևնույն ժամանակ իր ուղին է հարթել ամենատարբեր համագործակցությունների միջոցով՝ աշխատելով լեգենդար ռոք կիթառահար Սթիվ Հաքեթի, կոմպոզիտոր Իհաբ Դարվիշի, ուդահար Օմար Բաշիրի ու այլոց հետ։
Արսեն Պետրոսյանը համերգային շրջագայություններ է ունեցել՝ ելույթ ունենալով Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի, Կենտրոնական Ասիայի, Միջին Արևելքի, Կովկասի երկրներում։
Նրա ելույթները ներկայացվել են Medici.tv, Mezzo TV, BR-KLASSIK, ինչպես նաև BBC Persia և այլ մեդիաներով։ Արսեն Պետրոսյանի առաջին սոլո ալբոմը՝ «Չարենցավան․ Երաժշտություն՝ դուդուկի համար» լույս է տեսել 2015 թվականին ԱՄՆ-ում և մեծ հաջողություն ունեցել։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին