Արմեն Սարգսյանն անելու էր առավելագույնը փախուստի դիմելու համար. Նաիրա Զոհրաբյան
«Հրաժարականն անսպասելի չէր և այս իրավիճակում Արմեն Սարգսյանն անելու էր առավելագույնը փախուստի դիմելու համար, ինչպես ժամանակին արեց վարչապետի պաշտոնից փախուստի դիմելու ժամանակ»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա պնդեց, որ երբ Արմեն Սարգսյանին առաջարկվել էր նախագահի պաշտոնը, նա լավ գիտեր, որ Սահմանադրությամբ նախագահը որևէ լիազորություն չունի։
«Բայց, քանի որ մինչպատերազմյան Հայաստանը բացարձակապես այլ Հայաստան էր, որտեղ նախագահը կարող էր պաղպաղակ ուտել, կարող էր համբուրգեր ուտեր, փողոցում երեխաների համար բիֆշտեքս պատրաստեր և բավարարվեր արարողակարգային հարցերով՝ հաշվի առնելով իր լեզուների հրաշալի իմացությունը, անձնական բիզնես կապերը բրիտանական թագի հետ, միանշանակ դա բավարարում էր Արմեն Սարգսյանի ամբիցիաները»,-ասաց Զոհրաբյանը:
Ըստ նրա՝ հետպատերազմյան Հայաստանը թելադրում է խաղի այլ կանոններ, մասնավորապես նոյեմբերի 9-ի փաստաթղթի իրավական հետևանքների վավերացում, որի տակ դրվելու է նաև ՀՀ նախագահի ստորագրությունը:
Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ վաղ թե ուշ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելու է խաղաղության պայմանագիր, որը ենթադրելու է կողմերի փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչում, իսկ այն որոշակի ընթացակարգային քայլերից հետո պետք է վավերացնի ՀՀ նախագահը:
Նախկին պատգամավորը կասկած չունի, որ այդ միջազգային պայմանագրին դրական եզրակացություն կտա ՍԴ-ն, իսկ ԱԺ-ն կվավերացնի այն:
«Տոտալ վերահսկվող Ազգային ժողովը մեկ վայրկյանում վավերացնելու է, թե՛ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը, թե՛ Հայաստանի և Թուրքիայի միջև հնարավոր միջպետական բոլոր ակտերը, թե՛ դեմարկացիա-դելիմիտացիա ենթադրող բոլոր օրենսդրական, սահմանների փոխադարձ ճանաչման փաստաթղթերը»,-ասաց Զոհրաբյանը:
Տեղեկացնելով, որ այդ համաձայնագրերի վերջում դրվելու էր ՀՀ նախագահի ստորագրությունը՝ բանախոսն ասաց. «Արմեն Սարգսյանը շատ լավ հասկանում է, որ այլևս չի կարող բավարարվել պաղպաղակ ուտելով և լավ հասկանում էր, որ պատմության համար իր ստորագրությունը մնալու էր, որպես Արցախը հանձնած թիմի ներկայացուցչի ստորագրություն»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները