Պարույր Սևակի 98-ամյակի կապակցությամբ կբացվի գրողի բացառիկ լուսանկարների ցուցահանդեսը
Հունվարի 24-ին, Պարույր Սևակի 98-ամյակի կապակցությամբ, թանգարանում բացվելու է Սևակի բացառիկ լուսանկարների ցուցահանդեսը: Այս մասին հայտնում են Պարույր Սևակի տուն-թանգարանից։
Պ. Սևակը ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն, Արարատի մարզ) գյուղում։ Գրել ու կարդալ նա սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ Պարույրը սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գնալ, նրա հաճախումները ոչ օրինական բնույթ էին կրում։ Նրա գերազանց առաջադիմությունը տեսնելով` ուսուցիչը թույլատրում է օրինական կարգով գրանցվել դպրոցում և շարունակել ուսումը։ Պարույրը մանկական հասակից շատ էր կարդում, իսկ տասնմեկ տարեկանում առաջին անգամ իր գրիչն է փորձում պոեզիայում։ 1940 թվականին դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով՝ ընդունվում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայերենի բաժինը։ Եղել է ամենալավ ուսանողներից մեկը։ «Սովետական գրականություն» ամսագրում տպագրվում են նրա երեք բանաստեղծությունները` Պարույր Սևակ ստորագրությամբ։
1955 թվականին Սևակը ավարտում է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ և դասախոսում է կյանքի հետագա չորս տարիների ընթացքում: 1958թ. Սևակն ավարտում է «Անլռելի զանգակատուն» պոեմը, որը տպագրվում է Երևանում 1959-ին` միանգամից ժողովրդականություն բերելով նրան: 1963թ. տպագրվում է Սևակի «Մարդը ափի մեջ» ժողովածուն:
Պ.Սևակի վերջին` «Եղիցի լույս» ժողովածուն տպագրվում է 1969 թվականին, բայց... հրապարակ հանվում 1971-ին` բանաստեղծի ողբերգական մահից մոտ երկու ամիս անց:
1970-ին Պարույրը ստանում է բանասիրական գիտությունների դոկտոր գիտական կոչումը։ 1963-ից մինչև 1971 թթ. աշխատում է որպես ավագ գիտաշխատող Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1966-ից հանդիսանում է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը։ 1967թ-ին «Սայաթ-Նովա» թեմայով թեզ է պաշտպանել և ստացել է (1970թ.) բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան:
Պարույր Սևակի բանաստեղծությունները թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով: Նրա սցենարներով նկարահանվել են «Մեսրոպ Մաշտոց» (1962թ.), «Սայաթ-Նովա» (1965թ.) փաստագրական կինոնկարները:
Մեծն գրողի մահվան մասին կան իրարամերժ վարկածները։ Ըստ վարկածներից մեկի, Սևակը մեքենա վարել չի գիտեցել, բայց այդ օրը նա պետք է գար Երևան, իր զոքանչի քառասունքին ներկա գտնվելու համար։ Սևակի վարորդը հրաժարվել է մեքենան վարել, պատճառաբանելով, որ գործեր ունի։ Սևակը ինքն է որոշել վարել ու իր կնոջը՝ Նելլի Մենաղարաշվիլիին ասել է, որ եթե մեքենան կարողանա դուրս բերել ավտոկանգառից, ապա ճանապարհ կընկնեն։ Կինը նստել է Սևակի կողքին, իսկ երկու որդիները մեքենայի հետնամասում։ Սևակի մեքենան բախվել է հայրենի գյուղից 8 կմ հեռավորության վրա, որի արդյունքում մահացել են Սևակն ու նրա կինը։ Ըստ մեկ այլ վարկածի, գրողի սպանությունը եղել է կազմակերպված և այն կատարվել է սովետական իշխանության պատվերով։
Պարույր Սևակը մահացել է 1971 թվականի հունիսի 17-ին` ավտովթարից։ Թաղված է հայրենի գյուղում։