Ինչպե՞ս կարելի է դրսից ինչ-որ անձնավորության ներկայացնել հերոսի կոչման. Սեյրան Օհանյան
««Հայաստան» դաշինքը բավականին բարձր է գնահատում մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գործունեությունը, հատկապես՝ 44-օրյա պատերազմից հետո նրա ծավալած գործունեությունը սահմանային համայնքների, հակառակորդի հետ անմիջական շփման մեջ գտնվող բնակչության իրավունքների պաշտպանության հարցում»,- ԱԺ նիստում ունեցած ելույթում հայտնեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Նա շեշտեց, որ Արման Թաթոյանը կարողացել է բարձրացնել բոլոր այն խնդիրները, որոնք կան և այն հանցագործությունները, որոնք կատարել է թուրք-ադրբեջանական տանդեմը:
Ըստ պատգամավորի՝ գործող ՄԻՊ-ը տվել է իրավիճակից դուրս գալու ելքերը և այն իրողությունները, որոնք վերաբերում են, տնտեսության, ռազմավարական կետերի անվտանգության ապահովման և դրանց զբաղեցնելու առումով ՀՀ կառավարության թերությունները:
Սեյրան Օհանյանը հայտնեց, որ այդ ամենից եկել է այն եզրահանգման, որ Արման Թաթոյանի գործունեությունը պատշաճ կերպով է իրականացվել:
«Կարծում եմ, որ մարդու իրավունքի պաշտպանի փոփոխությունից հետո դժվար թե կարողանանք անաչառ գնահատականների արժանացնել հատկապես այն թերությունները, որոնք, որ այսօր կան պետականաշինության, կադրային քաղաքականության, անվտանգության համակարգի, բանակի, Արցախի և տեղական ինքնակառավարման մարմինների հետ կապված»,- ասաց պատգամավորը:
Ըստ Օհանյանի՝ Արման Թաթոյանի կերպարն է, որ կարող էր անաչառ և պատշաճ գնահատական տալ վերոշարադրյալ խնդիրներին:
Նկատելով, որ պատահական չանդրադարձավ ՄԻՊ-ի գործունեությանը՝ «Հայաստան» խմբակցության ղեկավարը նկատեց, որ ուժեղ պետությունները ՄԻՊ թեկնածու են ընտրում ընդդիմադիր որոշակի կեցվածք ունեցող գործիչների:
«Օրինակ, երբ տարիներ առաջ ՊՆ-ում հասարակական խորհուրդ էինք ձևավորում, ես առաջարկել եմ նրա ղեկավար նշանակել Գեղամ Հարությունյանին, որն ընդդիմադիր դաշտից էր և մեկ նպատակ ենք ունեցել, որ նա կարողանա անաչառ գնահատականներ տալ բոլոր այն թերություններին, որոնք կան ՀՀ ԶՈւ-երում»,- հայտնեց ՊՆ նախկին նախարարը:
Նրա խոսքով՝ բոլոր ժամանակներում Հայաստանի համար ամենահիմնական սպառնալիքները եղել են տնտեսության վիճակը, ժողովրդավարական խնդիրները և քաղաքական ռեսուրսների անկման հարցերը, իսկ վերջին պատերազմից հետո էլ դրանց ավելացել են անվտանգային խնդիրները, հասարակության պառակտված վիճակը և այդ պայմաններում ԱԺ օրակարգ չեն ընդգրկվել ընդդիմության նախաձեռնած սահմանի իրավիճակի մասին հայտարարությունը և բազմազավակ ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու նախագիծը:
«Այսօրվա իշխանությունները որոշումների ընդունման ընթացակարգերում շարունակում են որդեգրել այն սկզբունքը, որ առաջնահեթություններն առաջին պլան չեն մղվում, բոլոր որոշումներն ընդունում են ոտքի վրա և ձեռքի հետ, այլապես ինչպես կարող էր լինել, որ մինչև պատերազմը, դրա ընթացքում և դրանից հետո ՀՀ իշխանությունները նկատի չունենային բոլոր այն ընթացակարգերն՝ Անվտանգության խորհուրդը, կառավարությունը, ԱԺ-ն, որտեղ մանրակրկիտ վերլուծվում և որոշվում է տվյալ ժամանակի հետ կապված առաջնահերթությունները»,- նկատեց ընդդիմադիր պատգամավորը և հավելեց.
«Ինչպես կարելի է չվերլուծել և գնահատական չտալ այն իրողությանը, երբ պատերազմի պարտությունների հետ զուգընթաց մենք խրախուսում էինք այն մարդկանց, որոնք պատասխանատու էին և կառավարման, և ռազմական կառավարման ոլորտում»:
Սեյրան Օհանյանը տարակուսեց, որ ՀՀ նախագահական նստավայրում և այլ կառույցներում չեղան մարդիկ, որոնք չբարձրացրին պարտության պատասխանատուներին տարբեր կոչումների, հերոսի կոչման ներկայացնելու առաջարկների անթուլատրելիության հարցը:
«Ինչպես կարելի է դրսից ինչ-որ անձնավորության, որը շատ կարճ ժամանակ է եղել զինված ուժերում, ներկայացնել հերոսի կոչման»,- ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավարը և հավելեց, որ նույն սկզբունքով նաև հայ-թուրքական բանագնացին են նշանակել՝ տարակուսելով, որ պետական համակարգում չի եղել մեկը, որ ասեր, թե նման կարևոր գործընթացում պետք է ներգրավված լինի նվազագույնը նախարարի կարգավիճակի անձ և՝ նախագահի հրամանագրով։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ ամբիոնից հնչել են «շնաբարո դուրսպրծուկներ», «վզից բռնելու ենք շպրտենք դուրս» արտահայտությունները. Արթուր Ղազինյան
- Ալեն Սիմոնյանը՝ Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան