Անհարմար հարցեր մանկաբարձ-գինեկոլոգին
Չկան ավելի վտանգավոր մարդիկ, քան համացանցում՝ հատկապես կանանց փակ խմբերում, առողջության, գինեկոլոգիայի, ծննդաբերության և այլ շատ խիստ կարևոր ու մասնագիտական մոտեցում պահանջող հարցերին սիրողական, հեքիաթապաշտական պատասխաններ տվողները։Այս մարդիկ առանց աչք թարթելու ու հանգիստ խղճով խաղում են ուրիշների կյանքերի հետ: Այսպես են ծնվում լեգենդները, որ զույգի ծննդյան թվերին գումարելով մերձեցման օրերը, կարելի է գուշակել՝ ինչ սեռի երեխա կծնվի, մեկն ասում է, որ երեխան կարող է ժառանգել սուրոգատ մոր հատկանիշները, երկրորդը բոլորի վրա մատ է թափ տալիս, թե 40-ից հետո ոչ մեկ չի կարող հղիանալ, երրորդն էլ ասում է, թե իմաստ չկա այդքան փող տալ ծննդատներին, եթե կարելի է տանը՝ հետևելով յութուբյան ալիքներին, ինքնուրույն ծննդաբերել։ Կան պնդումներ, որ կինն անպայման պիտի գիրանա ծննդաբերելուց հետո, իսկ եթե, աստված մի արասցե հղիության ժամանակ գրիպով եք հիվանդացել, առանց հապաղելու ֆեյսբուքյան ամենագետները կդնեն իրենց ախտորոշումը՝ «աման, պտուղն առողջ չի ծնվի»։Մենք հավաքել ենք այդ հարցերն ու ուղղել մանկաբարձ-գինեկոլոգ, գինեկոլոգ-էնդոկրինոլոգ, ռեպրոդուկտոլոգ Հռիփսիմե Գրիգորյանին։
-Ճի՞շտ է,որ հղիությունից հետո կինն անպայման պիտի գիրանա:
-Ո՛չ , անպայման չէ։
-Ճի՞շտ է, որ հղիության ժամանակ գրիպով հիվանդանալը կարող է վնասել պտղին:
-Այո , որոշ դեպքերում ՝ կա նման հնարավորություն և կախված է, թե հղիության, որ ժամկետում և ինչ ծանրությամբ է ընթացել գրիպը:
Ի՞նչ անել արագ հղիանալու համար։
-Եթե առկա է անպտղության խնդիր (անպտղություն է համարվում 1 տարվա ընթացքում հղիության բացակայությունը զույգի մոտ ՝ առանց հակաբեղմնավորչների օգտագործման, կանոնավոր սեռական կյանքի պայմաններում ) պետք է դիմել մասնագետի ՝ գինեկոլոգ- ռեպրոդուկտոլոգի։ Իսկ հղիություն պլանավորելուց առաջ պետք է փորձել ազատվել վնասակար սովորություններից ՝ ծխախոտից և ալկոհոլից: Փորձել առողջ ապրելակերպով ապրել, հետևել քաշին, ավելորդ քաշի դեպքում փորձել այն նվազեցնել մոտ 10% ով, որը նույնպես նպաստում է հղիանալուն։
-Կարելի՞ է հաշվել, թե բեղմնավորման ժամանակ ինչ սեռի երեխա կծնվի։
-Հաշվել հնարավոր չէ։ Սեռի որոշում հնարավոր է միայն վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների արտամարնային բեղմնավորման ժամանակ սաղմի գենետիկ ախտորոշման դեպքում :
-Լվացումները կօգնե՞ն խուսափել անցանկալի հղիությունից չպաշտպանված հարաբերության ժամանակ։
-Ոչ, հղիությունից խուսափելու համար պետք է կիրառել հակաբեղմնավորիչ մեթոդներից որևէ մեկը ՝ պատնեշային, հորմոնալ, ներարգանդային և այլն։
-Որո՞նք են նախընտրելի հակաբեղմնավորիչները երիտասարդ կանանց համար:
-Հակաբեղմնավորիչների ընտրությունը կախված է կնոջ օրգանիզմից, ճիշտ է պլանավորել գինեկոլոգի հետ միասին :
-Հավատա՞լ դեղատներում վաճառվող հղիության թեստերին։
-Մոտ 90 տոկոս դեպքերում այո, բայց քանի որ լինում են կեղծ-դրական և կեղծ-բացասական արդյունքներ , պետք է անպայման արյան միջոցով ստուգել հղիության հորմոնը՝ բետտա-խորիոնիկ գոնադոտրոպինը՝ հաստատելու կամ ժխտելու հղիության առկայությունը:
-Ե՞րբ է հնարավոր ունենալ հարաբերություն ծննդաբերությունից հետո։
-Ծննդաբերությունից մոտ 6 շաբաթ անց՝ կախված ծննդաբերության մեթոդից և բարդությունների առկայությունից կամ բացակայությունից:
-Ցավոտ բա՞ն է ծննդաբերությունը։
-Անցավ չէ, բայց եթե ճիշտ նախապատրաստվել՝ թե հոգեբանորեն թե ֆիզիկապես, կարելի է մեղմել դրանք: Իսկ երեխայի ծնվելուց հետո, երբ կինը գիրկն է առնում իր բալիկին, մոռացվում են բոլոր ծննդաբերական ցավերը: Ծննդաբերության ժամանակ կիրառվում են ցավազրկման մեթոդներ ՝ նպաստելու անցավ ծննդաբերությանը:
-Կարելի՞ է ծննդաբերել տանը՝ յութուբյան ուղղորդումներով։
-Ոչ և ոչ , քանի որ վտանգվում է թե ծննդկանի թե նորածնի կյանքը:
-40-ից հետո հղիանալու շանսերը կտրո՞ւկ են ընկնում։
-Ցավոք ՝ այո, քանի որ ավելի արագ է սկսում նվազել կնոջ ձվարանների պաշարը, այդ իսկ պատճառով վերարտադրողական բժշկությունը խորհուրդ է տալիս 40 անց կանանց չսպասել հղիությունը պլանավորելիս, այլ անմիջապես պլանավորել գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգի հետ միասին:
-Կին գինեկոլոգները չե՞ն սիրում իրենց մասնագիտությունը։
-Քանի որ վերարտադրողական բժշկությունն, ըստ իս, դա բժշկության և հրաշքի միախառնում է, շատ եմ սիրում իմ մասնագիտությունը: Ամեն անգամ մեծ երջանկություն եմ ապրում պացիենտներիս հետ միասին, երբ հասնում ենք բաղձալի արդյունքին ՝ հղիությանը ՝ հաղթահարելով անպտղությունը բուժման տարբեր մեթոդներով ՝ սկսած բնական ճանապարհով հղիության պլանավորումից մինչև արտամարմնային բեղմնավորման մեթոդի կիրառումը :
-Հնարավո՞ր է երեխան ունենա սուրոգատ մորից ժառանգած ինչ-որ հատկանիշներ։
-Ոչ , քանի որ փոխնակ մայրը գենետիկորեն կապված չէ պտղի հետ:
-Ձեր պրակտիկայում եղե՞լ է դեպք, երբ սուրոգատ մայրը չցանկանա ծնողներին տալ իրենց երեխային։ Ինչպիսի՞ն է լինում պայմանավորվածությունը ծնողների և սուրոգատ մոր միջև, օրենքով կարգավորվա՞ծ է դաշտը։
-Նման բան չի եղել և չի կարող լինել ՀՀ-ում, քանի որ մեր օրենսդրությամբ փոխնակ մայրը չի հանդիսանում մայր տվյալ պտղի համար, այլ կենսաբանական ծնողները, որոնց սեռական բջիջների՝ սերմնաբջջի ու ձվաբջջի օգնությամբ է ձևավորվել սաղմիկը :
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան