Լորիս Ճգնավորյանը երկու մեծ ստեղծագործություն նվիրել է Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին
Իրանահայ կոմպոզիտոր, դիրիժոր Լորիս Ճգնավորյանը վերջին 2 տարում հեղինակել է ավելի քան 40 գործ. երկու մեծ ստեղծագործություն նվիրել է Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին, իսկ վերջին գործը ռեքվիեմ է՝ ի հիշատակ կորոնավիրուսի համաճարակի զոհերի: Նրա բնորոշմամբ՝ «աշխատանքը կյանքը քաղցրացնում է»։
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ նախարար Վահրամ Դումանյանը հունվարի 24-ին ընդունել է իրանահայ կոմպոզիտոր, դիրիժոր Լորիս Ճգնավորյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Լորիս Ճգնավորյանը նշել է, որ ամեն անգամ մեծ սիրով և սպասումով է գալիս Հայաստան. «Հայրենիքի հետ ինձ կապում են նաև ամենախենթ հիշողությունները»:
Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ նախաձեռնությունների, ծրագրերի մշակման և իրականացման, մաեստրոյի նոր ստեղծագործությունները հայրենիքում ներկայացնելու հնարավորություններն ու հեռանկարները:
Վահրամ Դումանյանը կոմպոզիտորին հրավիրել է «Արամ Խաչատրյան» համերգասրահում հունվարի 25-ին կայանալիք «Հերոսներին. 44» խորագրով համերգին. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչելու է Արամ Խաչատրյանի Սիմֆոնիա թիվ 2-ը: Համերգը նվիրված է 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան