1in.am-ը հերքել է Արթուր Վանեցյանի և նրա ընտանիքի անդամների մասին հրապարակած տեղեկությունները
«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ 1in.am կայքը հերքել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի և նրա ընտանիքի անդամների մասին հրապարակած տեղեկությունները։
«Վերջին ժամանակներում շատ են հարցումները և հետաքրքրությունը Արթուր Վանեցյանի և իր ընտանիքի անդամների մասին 01.05.2020թ. 1in.am լրատվական կայքի կողմից հրապարակված փուչ և դատարկ հոդվածի հիմքով ներկայացված հայցադիմումի ճակատագրի վերաբերյալ:
Ինչպես միշտ, սույն «լրատվամիջոցը» ստիպված եղավ դատական կարգով ընդունել, որ հերթական անգամ կեղծել է, ստել է, հորինել է հեքիաթներ Արման Բաբաջանյանի կամ Նիկոլ Փաշինյանի քունը ավելի սահուն դարձնելու նպատակով:
Ասում են, ամեն ինչում դրական բան է պետք փնտրել. ես կարծես սկսեցի հասկանալ, թե ում ի նկատի ուներ ԱԺ պատգամավորը «վերբալ մարմնավաճառներ» ասելիս: Ես անձամբ դեմ եմ նման բառապաշարին և այդպես չեմ անվանարկի ոչ 1in.am-ին, ոչ էլ civic.am-ին, հետևաբար՝ ասողի տրամաբանությունը վերը նշվածի համատեքստում անընդունելի, բայց հասկանալի եմ համարում:
1in.am-ի կողմից իր զրպարտչական տեղեկությունների հերքման տեքստին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ»,- գրել է Սոս Հակոբյանը։