Փաշինյանը փորձում է շատ լավ փաստաբանի ֆունկցիա կատարել Ալիևի և Էրդողանի համար. Ընդդիմադիր պատգամավոր
«Նիկոլ Փաշինյանը երեկ խիստ վտանգավոր հայտարարություն է արել, թե Հայաստանի երրորդ Հանրապետության որևէ իշխանություն երբեք կասկածի տակ չի դրել Թուրքիայի առկա սահմանները կամ Թուրքիայի տարածքային ամբողջականությունը»,- ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Ըստ նրա, սա կարելի էր վերագրել որպես չիմացության դրսևորում և անփութություն, բայց եթե սա կանխամտածված հայտարարություն է, որը գնահատում են որպես ուղղված հայ ժողովրդի և հայոց պետականության դեմ, ապա առնվազն Նիկոլ Փաշինյանն առերևույթ պետական հանցագործության, դավաճանության հերթական դրսևորումն է ցույց տալիս։
Ա. Մինասյանը հիշեցրեց, որ դեռևս 2011 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներրի վերաբերյալ պետական հանձնաժողով էր ստեղծված. «Պետական հանձնաժողովը ՀՀ անունից հռչակագիր էր ընդունել։ Այդտեղ սևով սպիտակի վրա գրված է. «Արտահայտում է Հայաստանի և հայ ժողովրդի միասնական կամքը Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչման հասնելու և ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում, ինչի համար մշակում է իրավական պահանջների թղթածրար՝ դիտելով այն անհատական, համայնքային և համազգային իրավունքների և օրինական շահերի վերականգնման գործընթացի մեկնարկ»։
Նա ասաց, որ ՀՀ նախագահի գլխավորությամբ պետական հանձնաժողովը նույն հռչակագրում արժևորվել է նաև իրավարար վճիռը՝ Սևրի դաշնագիրը։
«Այլ կերպ ասած՝ պետական մակարդակով պահանջատիրությունը ձևակերպված է։ Հայ դատի օրակարգի կարևոր տարրերից մեկը սա է»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։
Ա. Մինասյանը հիշեցրեց նաև, որ հռչակագիրը ՀՀ անունից ուղարկվել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարություն, ԱԺ-ն ընդունել էր հայտարարություն՝ ևս մեկ անգամ հաստատելով, արժևորելով հարյուրամյա տարելիցի հռչակագրում ներդրված մոտեցումները։
«Երբ որ Նիկոլ Փաշինյանը ասում է՝ Հայաստանի որևէ իշխանություն նման բան չի արել և փորձում է պայքարը տեղափոխել միայն Սփյուռքի դաշտ, ուզում եմ նրան հիշեցնել նաև Անկախության հռչակագիրը, Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը և ասել, որ սա Հայաստանի գործող իշխանության տեսակետն է արտահայտում, սա առերևույթ հերթական ծանր հանցագործության փաստն է արձանագրում»,- ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղարը։
Ա.Մինասյանը նաև նշեց, որ Արցախի թեմայով շատ վտանգավոր ձևակերպման ներքո Նիկոլ Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, մոռանում է Գերագույն խորհրդի ընդունած բանաձևը։
«Երեկ ինձ մոտ տպավորություն էր, որ Փաշինյանը հազիվ էր զսպում իրեն, որ չհայտարարի՝ Արցախն Ադրբեջան է և վերջ։ Գոնե իր հայտարարությունների ենթատեքստն ակնհայտորեն այդպիսին էր»,- ասաց ճեպազրույցին ներկա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Ըստ նրա, Փաշինյանն, ակնհայտորեն, իր վերջին հարցազրույցներով փորձում է շատ լավ փաստաբանի ֆունկցիա կատարել Ալիևի և Էրրդողանի համար, ասում է բաներ, որոնք մեղմ ասած աղերս չունեն իրականության հետ։
Հարակից հրապարակումներ`
- Ալիևը ոգևորված է Փաշինյանի տարեվերջյան ասուլիսից. Անդրանիկ Թևանյան
- Վահե Հովհաննիսյան. Ու երբ մի օր գա նոր աղետը, Նիկոլը հանգիստ կասի՝ «բայց Ալիևը պարզ ասում էր»
- ՀՀ-ից Ալիևի վտանգավոր հայտարարություններին չարձագանքելու պայմաններում ՌԴ-ն է անդրադառնում ստեղծված ծանր իրադրությանը. Աբրահամյան
- Հայաստանի տարածքը թյուրքական համարող Ալիևը և Էրդողանը խաղաղության օրակարգ չունեն.Վարուժան Գեղամյան
- Միակ հարցը, որով Ալիևը հանգիստ է, դա իր կողքին Հայաստանի՝ նման որակի իշխանություն ունենալն է. Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան