Տնօրենը պետք է ունենա դպրոցում աշխատելու փորձ, բայց պարտադիր չէ ունենա մանկավարժական որակավորում. Փախչանյան
Անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը ԱԺ-ում ««Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունները, դրանց առավելություններն ու մտահոգությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց, որ իրենց կողմից ներկայացված առաջարկների մեծ մասը ներառվել են նախագծի վերջնական տարբերակում, որն այսօր քննարկվում է։
Միաժամանակ նա հավելեց, որ օրենքի նախագծի հետ կապած կան հարցեր, որոնք հստակեցման կարիք ունեն։ Օրինակ՝ ինչպես են համագործակցելու դպրոցների վարչական գծով համակարգողն ու տնօրենը։
«Մեր փորձից շատ լավ գիտենք, երբ որ մարդիկ ինչ-ինչ պատճառներով գալիս են կոնֆլիկտի, խնդիրը սրելու հազար ձև ու միջոց կգնեն։ Այն պարագայում, երբ չկա վարչական ղեկավարի մոտ կրթական բովանդակության մեջ խորը ներգրավածություն, այլ կա զուտ վարչական հետաքրքրություն իրենը պնդել, առաջ տանել, պարտադրել իր օրակարգը, դա հեշտ կլինի իրականացնել, և տնօրենը շատ հարցերում կհայտնվի կախյալ վիճակում։ Խորհուրդն էլ ընդամենը կարող է համագործակցության կոչ անել, որովետև ոչ մեկի, ոչ մյուս վրա իրական ազդեցության լծակներ չունի, քանի որ երկուսն էլ չեն նշանակվում խորհրդի կողմից»,- մանրամասնեց Փախչանյանը։
Նա նշեց, այն, որ խորհուրդը կարող է տնօրենին զրկել պաշտոնից, լծակ է, սակայն ճգնաժամային լծակ է, վերջին հանգրվանն է, իրականում պատասխանատվության մեջ ներգրավելու միջոց չէ։
«Մենք առաջարկում ենք, օրինակ, երեք թեկնածուին առաջարկի հանձնաժողովը, վերջնական ընտրի խորհուրդը, որպեսզի խորհրդի մոտ պատասխանատվության զգացողություն լինի»,- ասաց Անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի խորհրդի նախագահը։
Օրենքի նախագծով ուսումնական հաստատության կառավարման առաջարկվող մոդելի համաձայն, դպրոցն ունենում է վարչատնտեսական մասի համակարգող, որն ինքնուրույն է իրականացնում դպրոցի կառավարումը՝ վարչական, տնտեսական և ֆինանսական մասով։ Վարչատնտեսական մասի համակարգողն ուսումնական մասի տնօրենի հետ իրականացնում է ուսումնական գործընթացի պլանավորում, անհրաժեշտ պայմանների ապահովում միայն։ Ուսումնական մասի տնօրենը չի զբաղվում վարչական, տնտեսական և ֆինանսական հարցերով։ Նա զբաղվում է մանկավարժական աշխատողների մրցույթի կազմակերպմամբ, ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանավորմամբ և իրականացմամբ։
Ըստ նախագծի՝ տնօրենի պաշտոնի հավակնորդի համար նախատեսվել է մանկավարժական որակավորմամբ կրթություն՝ հաշվի առնելով վերջինիս կողմից բացառապես կրթության բովանդակության և որակի ապահովման պատասխանատվությամբ գործառույթները։
«Տնօրենները սովորաբար բավականին տարիքով, փորձառու մարդիկ են։ Չեմ կարծում՝ խորհրդային տարիներին մանկավարժական կրթությունն որևէ աղերս ունի ժամանակակից մանկավարժության հետ, չեմ կարծում՝ տարիներով դպրոցում աշխատած մարդը մանկավարժական փորձ չունենա։ Կարծում եմ՝ այս դրույթը պետք է հանվի, տնօրենը պետք է ունենա մանավարժության փորձ, դպրոցում աշխատելու փորձ, բայց պարտադիր չէ ունենա մանկավարժական որակավորում։ Մանկավարժներ շատ են երկրում, լավ ղեկավարներ քիչ են»,- ասաց Ա. Փախչանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան