Կարող է այս ուղիղ կապը ծառայել է Սուրիկ Պապիկյանի հարսանիքին ադրբեջանական նվեր մատուցելու համար. Արմեն Աշոտյան
«Չեք զարմանո՞ւմ, որ Սուրոն ռիսկ է արել 5 օրով արձակուրդ է գնացել պատերազմող երկրում, այդ ո՞վ է այդ երաշխիքները նրան տվել, որ այդ 5 օրվա ընթացքում պատերազմ, կրակոց կամ ադրբեջանական ագրեսիա չի լինի»,- «Հայելի» մամուլի ակումբում հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն՝ անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարարի հարսանիքին և արձակուրդ մեկնելու փաստին:
Նա հիշեցրեց, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ վերականգնվել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ կապը, որի պատասխանատուն Սուրեն Պապիկյանն է:
«Դուք բացառո՞ւմ եք, որ նա խոսել և խնդրել է ադրբեջանցիներից՝ ասելով հարսանիքի եմ էլի, նվեր արեք ինձ՝ մի 5 օր չկրակեք»,- ասաց բանախոսը և շեշտեց, որ ինքը չի բացառում նման քայլը:
Աշոտյանի խոսքով՝ հարսանիքից առաջ Ադրբեջանն ագրեսիա էր անում, իսկ հարսանիքի 5 օրվա շրջանում չի անում:
«Կարո՞ղ է այս ուղիղ կապը ծառայել է Սուրիկ Պապիկյանի հարսանիքին ադրբեջանական նվեր մատուցելու համար»,- հռետորական հարցադրում հնչեցրեց Աշոտյանը և հավելեց. «Լավ է, որ չեն կրակել, եթե այդպես կարողանում եք՝ սաղ վախտ պսակվեք, թող իրենք չկրակեն»: