Մենք չենք պարտվել ադրբեջանցի զինվորին, մենք պարտվել ենք Ադրբեջանի ԶՈւ-ում ներդրված տեխնոլոգիաներին․ Հայկ Չոբանյան
Հայաստանում առաջատար տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն այլընտրանք չունի: Այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նորանշանակ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։
«Ստանձնելով ԱՏՁՄ-ի տնօրենի պաշտոնը, մեծ պատասխանատվությամբ իմ գործընկերների հետ միասին, նախատեսում եմ իրականացնել բոլոր ծրագրերը։ Երկար տարիներ Միությունն, ըստ էության, կատարել է երկրի բարձր տեխնոլոգիական ոլորտում առաջնորդի դերը՝ իր անդամներով, այլ ընկերություններով, որոնք մեծ դերակատարում ունեն վերջին տարիներին Հայաստանում ոլորտի զարգացման գործում», - ընդգծեց նա։
Հայկ Չոբանյանի խոսքով՝ իրավիճակը շատ ավելի պահանջկոտ է դարձել 2020 թվականից հետո՝ հատկապես պատերազմի արդյունքներից հետո։ Ըստ նրա՝ այսօր պետք է հավակնոտ ծրագրեր իրականացնել։
«Այսօր մեր ջանքերն ու ներգրավվածությունը, մեր երազանքները ավելի ուժեղ ու հավակնոտ պետք է լինեն, քանի որ մենք գտնվում ենք այլ կարգավիճակում և անհնար է առանց բոլոր այն ծրագրերի վերագործարկման, որոնք մենք ունեցել ենք, առանց թռիչքի իրական հաջողություն գրանցել։ Ահա այս պատասխանատվությամբ եմ այսօր այս պաշտոնը ստանձնում և գտնում եմ, որ իմ գործընկերների հետ միասին մենք իրականացնելու ենք դա, իսկ յուրաքանչյուր հաջորդ տարի ունենալու ենք ավելի հզոր ոլորտ և երկիր»,- ասաց Հայկ Չոբանյանը՝ հավելելով, որ առաջատար տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը Հայաստանի համար ազգային անվտանգության խնդիր է։
ԱՏՁՄ-ի գործադիր տնօրենը նշեց նաև, որ ՏՏ ռազմավարության կարևորագույն ուղղություններից մեկը ռազմաարդյունաբերությունն է, որը երկրի անվտանգության ապահովման հենասյունն է։
«Պատերազմի ժամանակ մենք տեսանք, թե ինչ կրիտիկական մեծ սխալ է եղել Հայաստանի համար սեփական ռազմական արդյունաբերություն չունենալը, քանի որ երբ մեր սահմանները փակվեցին, փակվեցին հնարավորությունները` մեր զինված ուժերին սնել առաջատար տեխնոլոգիաներով, որով մենք պետք է հաղթեինք։ Եթե ուզում եք իմանալ, դրանով էլ պարտվեցինք։ Մենք չենք պարտվել ադրբեջանցի զինվորին, մենք պարտվել ենք Ադրբեջանի ԶՈւ-ում ներդրված տեխնոլոգիաներին»,- նշեց Հայկ Չոբանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան