ՆԱՏՕ-ի առաջնորդները սպառնում են Ռուսաստանին «պատժամիջոցների աննախադեպ փաթեթով».
Մեծ Բրիտանիայի և ՆԱՏՕ-ի մի շարք այլ առաջատար երկրների ղեկավարները համաձայնել են, որ Ուկրաինա ներխուժելու դեպքում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների աննախադեպ փաթեթ կիրառեն։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի գրասենյակի հաղորդագրության մեջ, որը կազմվել է երկուշաբթի օրը ԱՄՆ-ի, Իտալիայի, Լեհաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի ղեկավարների միջև տեղի ունեցած առցանց հանդիպման արդյունքներով։
«Առաջնորդները համաձայնել են, որ եթե լինի Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա, ապա դաշնակիցները պետք է պատժիչ միջոցներով անհապաղ պատասխան քայլեր ձեռնարկեն՝ նաև պատժամիջոցների աննախադեպ փաթեթ կիրառելով: Նրանք որոշել են շարունակել սերտորեն համակարգել նման հնարավոր ցանկացած պատասխան գործողությունները»,-ասվում է հայտարարության մեջ:
Հանդիպման մասնակիցներն ընդգծել են միջազգային համախոհության կարևորությունը Ռուսաստանի կողմից հնարավոր ագրեսիայի դրսևորման դեպքում։ «Վարչապետ Ջոնսոնն ուշադրություն է հրավիրել ռուսական հնարավոր ագրեսիայի իրական հումանիտար հետևանքների և դրանց հակազդելու և նման արդյունքները կանխելու այնպիսի քայլերի ձեռնարկման անհրաժեշտության վրա, որոնք դաշինքի իրավասության մեջ են»,-ասվում է վարչապետի գրասենյակում:
ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարները համակարծիք են եղել, որ ստեղծված իրավիճակից ելք գտնելու գլխավոր առաջնահերթությունը Ուկրաինայի հարցում մնում է Ռուսաստանի հետ դիվանագիտական ճանապարհը։ «Առաջնորդներն ընդգծել են, որ Ռուսաստանի հետ դիվանագիտական բանակցությունները մնում են առաջնահերթություն և ողջունել են բանակցությունները, որոնք արդեն տեղի են ունեցել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի երկրների միջև»,-ասվում է կոմյունիկեի մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան