Այնպես արեք, որ դատարանին վաղը չասեն բանտարան, դատավորին՝ բանտավոր. Աշոտ Երկաթը՝ դատավորին
«Սրտի խնդիրեր ունեմ, դիմանում եմ»,- ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Գորիսի նստավայրում դատավարության ժամանակ իր խոսքում ասաց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը՝ Աշոտ Երկաթը, ի պատասխան դատավորի հարցի, թե առողջական վիճակն ինչպե՞ս է։
Նա նշեց, երբ նայում է, թե ինչ հոդվածներով էին իրեն մեղադրանք առաջադրել, ծիծաղը գալիս էր. «Նախ 20 տարի, հետո 11։ Այդպես փուչիկի պես պայթեցին, պայթեցին»։
«Նախ, ինձ համար անակնկալ էին զենքերի տեսակները, նաև զենքերի տարեթվերը: Երբ ընթերցում ենք զենքերի տարեթվերը՝ 1898 թվականից սկսած զենքեր կան հայտնաբերված, որոնք եկել են Առաջին համաշխարհային պատերազմով, հետո հեղափոխությունով, հետո Երկրորդ համաշխարհային պատերազմով, հետո Չեչնիայի պատերազմով, Արցախի 1-ին, 2-րդ, 3-րդ պատերազմներով: Լավ, ես այն թվերի՞ց եմ պատրաստվել տենց բան անել: Իմ կալիբրի մարդը, 3 պատերազմներով անցած, 20 տարի մաքսային ծառայության ղեկավար աշխատած, հրամանատար, տիրապետելով զենքի բոլոր տեսակներին, ուրեմն խելքս չէր կտրում, որ ունենայի Կորնետ, Ֆագոտ, այդ թվի զենքերը պետք է հավաքեի՞:
Իմ կալիբրի մարդը տանում, զենքերը լցնում է մի տեղ ու հետո մտածում այդ անտեր վիճակի մասի՞ն: Ես չէ՞ի կարող մի դեպուտատի, մի գեներալի, մի բիզնեսմենի ասեի՝ զենքերը պահի»,-ասաց նա:
Ա. Մինասյանն ընդգծեց, որ դատվելուց չի վախենում։ Այնուհետև հարց ուղղեց մեղադրող կողմին. «20 տարվա մեղադրանք եք դնում, դուք երաշխիք ունե՞ք, որ սրանից հետո ես դեռ 20 տարի ապրելու եմ: Ես այդ երաշխիքը չունեմ իմ առողջական վիճակից ելնելով»։
«Չեմ վախենում դատվելուց։ Ինձ միշտ հետաքրքիր է եղել իմ պետության ճակատագիրը: Մեկ տարի եղել եմ ազատության մեջ, 4 անգամ այցելել եմ Արցախ, ամեն այցելելուց զանգել եմ ԱԱԾ քննիչներին, տեղյակ եմ պահել, որ գնում եմ Արցախ: Եթե մի տեղ ունեմ գնալու, դա Արցախն է, ուրիշ տեղ չունեմ»,- ասաց «Սիսական» ջոկատի հրամանատարը։
Ա. Մինասյանը նշեց, որ գիտի՝ իրեն ինչի համար են բռնել, պատրաստ է կրելու պատիժը, եթե պատիժ է հասնում, ապա խնդրանքով դիմեց դատավորին. «Այնպես արեք, որ դատարանին վաղը չասեն բանտարան, դատավորին՝ բանտավոր։ Ես խնդրում եմ։ Ուրիշ բան չունեմ ասելու»:
Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Նա մեղադրվում էր նաև բարձրաստիճան պաշտոնիայի սպանության փորձի նախապատրաստման մեջ, սակայն այդ մասով գործը կարճվել է։
Հարակից հրապարակումներ`
- Եթե չազատեն Աշոտ Երկաթին, ամեն ինչ անելու ենք, ընդհուպ մինչև անհնազանդության ակցիաներ. Սրապիոնյան
- Աշոտ Մինասյանը դասական իմաստով քաղաքական հետապնդման զոհ է. Վարդևանյան
- Աշոտ Մինասյանի գործն ուղարկվել է դատարան
- Ակցիա գլխավոր դատախազության դիմաց՝ «Ազատություն Աշոտ Երկաթին»
- Աշոտ Մինասյանի Պաշտպանության Խորհուրդը դիմել է դատախազություն
- Աշոտ Մինասյանի գործով նախաքննությունն ավարտվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան