Արարատ Միրզոյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահի հետ
Հունվարի 26-ին պաշտոնական այցով Լյուքսեմբուրգում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնան Էտգենի հետ: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն, հանդիպմանը մասնակցել են նաև Պատգամավորների պալատում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները։
Արարատ Միրզոյանը և Ֆերնան Էտգենը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև հաստատված արդյունավետ համագործակցության կապակցությամբ, այդ թվում՝ միջխորհրդարանական մակարդակում։ Կողմերն ընդգծել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի միջև կապերի սերտացման և միջազգային խորհրդարանական հարթակներում, մասնավորապես՝ ԵԽԽՎ շրջանակներում, օրենսդիր մարմինների միջև համագործակցության ամրապնդման ու ընդլայնման կարևորությունը։
Զրուցակիցները անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկմանը: Արարատ Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ համաձայնագրի շրջանակներում հետևողականորեն զարգացնելու ԵՄ հետ համագործակցությունը՝ այս առումով կարևորելով նաև Լյուքսեմբուրգի աջակցությունը։
Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանն առնչվող հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանը երախտագիտություն է հայտնել Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի ընթացքում և դրան հաջորդած ժամանակահատվածում Պատգամավորների պալատի կողմից բանաձևերի ընդունման համար՝ ի սատարումն Արցախի հայության և նրանց իրավունքների պաշտպանության և պատերազմի հետևանքների վերացման։ Նախարարը նաև բարձր է գնահատել Լյուքսեմբուրգի օրենսդիր և գործադիր իշխանությունների դիրքորոշումը՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման անհրաժեշտության առնչությամբ։
Տեղի ունեցած հարցուպատասխանի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանում ժողովրդավարական գործընթացների, տարածաշրջանային և արտատարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան