«Իմ արյան մեջ հոսում է հայկական երաժշտությունը». այսօր Միշել Լեգրանի հիշատակի օրն է
Այսօր հայկական արմատներով ֆրանսիացի անվանի կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր Միշել Լեգրանի հիշատակի օրն է։ Միշել Լեգրանը մահացել է 2019 թվականի հունվարի 26-ին Փարիզում՝ իր 87-ամյակից մեկ ամիս առաջ։
Այդ օրը ՀՀ-ում Ֆրանսիայի այն ժամանակվա դեսպան Ժոնաթան Լաքոթը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. ««Այսօր Հայաստանի սրճարաններում և տներում Միշել Լեգրանի մեղեդիները կհիշեցնեն, որ այստեղ ոչ ոք չի անտեսում այս ունիվերսալ արտիստի հայկական ծագումը և յուրաքանչյուրը հպարտանում է նրա համաշխարհային համբավով»։
Ինքը՝ Լեգրանն ասել է. «Ամեն անգամ, երբ հնարավորություն եմ ունենում այցելելու Հայաստան, կարծես վերադառնում եմ իմ ազգային ակունքներին։ Հայկական երաժշտությունն ինձ հոգեպես հոգեհարազատ է, այն հոսում է իմ արյան մեջ»։
Լեգրանը ծնվել է 1932 թվականին, սերում էր երաժիշտների ընտանիքից, ուներ հայկական արմատներ։ Նա ընկերություն էր անում Էդիթ Պիաֆի և Մորիս Շեվալիեի հետ։ Ի դեպ Լեգրանի երկու որդիները նույնպես նվիրվել են երաժշտությանը։
1951 թվականին, ընդամենը 19 տարեկան հասակում, նա գրում է գործիքավորումներ իր հոր նվագախմբի համար։ Հենց հայրն էլ նրան ծանոթացնում է վարիիետի երգի աշխարհին։ Այսպիսով, Լեգրանը սկսում է երաժշտական ուղեկցորդի և գործիքավորողի կարիերա՝ աշխատելով Ժակլին Ֆրանսուայի, Անրի Սալվադորի, Կատրին Սովաժի և Զիզի Ժանմերի հետ։ Մորիս Շեվալիեն այնուհետև նրան առաջարկում է դիրիժորի աշխատանք։
Իր ստեղծագործական կարիերայի ընթացքում Լեգրանը գրել է ավելի քան երկու հարյուր երգ ֆիլմերի և հեռուստատեսային ֆիլմերի համար։ Նրան մեծ հռչակ է բերել «Շերբուրգյան անձրևանոցներ» (1964թ.) ֆիլմը: Այնուհետև հնչեցին «The Thomas Crown Affair», «Sweet November», «The Other Sid of Midnight», «Never Say Never» և այլ ֆիլմերի սաունդթրեքերը։
Ընդհանուր առմամբ, Լեգրանը երաժշտություն է ստեղծել ավելի քան 200 ֆիլմերի համար։ Նա համագործակցել է Էդիթ Պիաֆի, Շառլ Ազնավուրի, Ֆրենկ Սինատրայի և Լայզա Մինելլիի հետ։ Թողարկել է ավելի քան 100 ձայնասկավառակ: 13 անգամ ներկայացվել և 3 անգամ արժանացել է «Օսկար» կինոակադեմիայի մրցանակին: Հինգ անգամ ստացել է «Գրեմի» և «Էմմի», 12 անգամ` «Ոսկե գլոբուս» երաժշտական մրցանակներ: 2005թ. արժանացել է Ֆրանսիայի «Պատվո լեգեոն», 2009թ.՝ ՀՀ «Պատվո» շքանշանի: