Եթե չազատեն Աշոտ Երկաթին, ամեն ինչ անելու ենք, ընդհուպ մինչև անհնազանդության ակցիաներ. Սրապիոնյան
ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Գորիսի նստավայրում ընթանում է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի գործով դատավարությունը: Դատարանը քննում է Աշոտ Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը հիմնավոր չլինելու վերաբերյալ միջնորդությունը։
Դատարանի բակում հավաքվել են «Սիսական» ջոկատի անդամները, ովքեր պահանջում են ազատ արձակել Ա.Մինասյանին։
Գրականագետ Սերժ Սրապիոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, այն ժողովուրդը, որի՝ ամբողջ գիտակցական կյանքը հայրենիքի քաղաքական ու պատմական ճակատագիրը կերտելուն նվիրաբերած հերոսին ձեռնաշղթաներով պետք է բերեն դատարան, իր բարոյականության ուղիղ 50 տոկոսն արդեն կորցրել է։
Նա հույս ունի, որ դատարանն այսօր արդարացի որոշում կկայացնի և Մինասյանին ազատ կարձակի։
«Դրանից հետո պետք է սկսվի այն դատավորների ապաշխարանքի շրջանը, որոնք համարձակվեցին կալանավորման որոշում տալ, պետք է հայցեն նրա ներողամտությունը»,- ասաց գրականագետը։
Սերժ Սրապիոնյանի խոսքով, եթե դատարանն արդարացի վճիռ չկայացանի, ամեն ինչ անելու են, ընդհուպ մինչև այս երկրի իշխանությունների դեմ անհնազանդության գործունեություն ծավալելը։
«Ես ԵՊՀ դասախոս եմ, կմտնեմ լսարան, անհնազանդություն կհայտնեմ և դասախոսություն չեմ կարդա, մյուսը կգնա իր աշխատանքի վայր ու չի աշխատի։
Մենք կաթվածահար կանենք այն պետությունը, որը դատում իմ հերոսին, ապագա մանուկների կերպարի կերտիչին փորձում է աղավաղել։ Չեմ ուզում այդպիս սերունդ, ուսանողություն ունենալ»,- ասաց գրականագետը։
Նա ընդգծեց, որ Աշոտ Երկաթի, Գորիսիս համայնքապետ Առուշ Առուշանյանի տեսակը պետք է մնան իր պատմության, սերունդների մտածողության և ըմբռնումների մեջ, որպեսզի գալիք սերունդերն ավելի կատարյալ լինեն։
Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Հարակից հրապարակումներ`
- Աշոտ Մինասյանը դասական իմաստով քաղաքական հետապնդման զոհ է. Վարդևանյան
- Աշոտ Մինասյանի գործն ուղարկվել է դատարան
- Ակցիա գլխավոր դատախազության դիմաց՝ «Ազատություն Աշոտ Երկաթին»
- Աշոտ Մինասյանի Պաշտպանության Խորհուրդը դիմել է դատախազություն
- Աշոտ Երկաթին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդությունը մերժվել է