Նմանատիպ սիմվոլիկ քայլերով Թուրքիան նպատակ ունի թուլացնել հայության զգոնությունը. Վարուժան Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայ-թուրքական բանակցությունների գաղտնի մանրամասներ է հայտնում.
«Վերջին օրերին թուրքական մամուլում հրապարակվել են Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցությունների որոշ մանրամասներ, որոնք կարևոր են հասկանալու համար բանակցային տրամաբանությունը։ Ներկայացնեմ դրանցից երկուսը և իմ մեկնաբանությունները։
Հունվարի 20-ին թուրքական իշխանության խոսափող համարվող Sabah թերթի անգլալեզու տարբերակը (Daily Sabah), հղում կատարելով իր դիվանագիտական աղբյուրին, հայտնեց, որ «Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունները երրորդ երկրում անցկացվելու փոխարեն պետք է անցկացվեն երկու երկրներից մեկում»։ Նույն աղբյուրի պնդմամբ՝ «Թուրքիան նախընտրել է, որ ասյուհետ բանագնացների հանդիպումները տեղի ունենան Երևանում կամ Անկարայում՝ հաշվի առնելով, որ առաջին հանդիպումը Երևանի պահանջով տեղի է ունեցել Մոսկվայում»։
Հունվարի 25-ին, հեղինակավոր Hürriyet թերթը, հղում կատարելով արտաքին քաղաքականության հարցերով Թուրքիայի նախագահականում վերջերս տեղի ունեցած քննարկմանը, նշում է, որ Թուրքիայի նոր արտաքին քաղաքական մոտեցման շրջանակներում առաջնային տեղ է զբաղեցնում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Թերթը նաև հայտնում է այն քայլերի մասին, որոնք պետք է ձեռնարկվեն Հայաստանի ուղղությամբ. «Որպես առաջին քայլ՝ հստակեցվել է փոխադարձ ուղիղ չվերթներ սկսելու մասին որոշումը:
Հատկապես Կարսի և Վանի մասով կատարվելիք աշխատանքներից հետո օրակարագ կգա նաև Թուրքիայի տարբեր նահանգների ուղղությամբ Հայաստանից չվերթներ կազմակերպելու հարցը: Կարծիքներ կան այն մասին, որ հատկապես Վանը հայերի համար կարող է զբոսաշրջային կենտրոնի վերածվել: Բացի այդ ծրագրվել է Կարսի մոտակայքի որոշ պատմական կառույցների, այդ թվում՝ կամուրջների ու այլ շինությունների վերակառուցումը։ Դրանք հայերի համար մեծ կարևորություն ունեն։ Իսկ Հայկական սփյուռքի ճնշումը նվազեցնելու նպատակով միաժամանակ կընդլայնվեն նաև առևտրային հարաբերությունները»:
Առաջին նորությունը տեղավորվում է աշխարհաքաղաքական տրամաբանության մեջ. անհրաժեշտ է հայ-թուրքական գործընթացից հնարավորինս մեկուսացնել Ռուսաստանին՝ հետագայում նրան տարածաշրջանից հեռացնելու և Հվ. Կովկասը Թուրքիայի լիարժեք ազդեցության գոտու վերածելու նպատակով։
Երկրորդ նորության մանրամասները առավելապես վերաբերում են հայ-թուրքական երկկողմ հարթությանը։ Դժվար չէ կռահել, որ նմանատիպ սիմվոլիկ քայլերով Թուրքիան նպատակ ունի թուլացնել հայության զգոնությունը և «խաղաղասիրական» քայլերի միջոցով շարունակել չեզոքացնել հայկական քաղաքական գործոնը Արցախի և տարածաշրջանի այլ հարցերում։
Կարելի է ենթադրել նաև, որ առաջիկայում մենք կտեսնենք հայ-թուրքական «բարեկամությունը» գովերգող տարատեսակ միջոցառումներ Թուրքիայի և ՀՀ դե ֆակտո իշխանությունների կողմից։
Անհրաժեշտ է հիշեցնել նաև, որ այդպիսի ձեռնարկները հնարավորություն են տալիս կոծկել այն հանգամանքը, որ Թուրքիայի կողմից Հայաստանի առջև դրվել են հակահայկական նախապայմաններ, որոնց համաձայնել են ՀՀ դե ֆակտո իշխանությունները»։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբինյանը կառուցողական է գնահատել հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը Մոսկվայում
- Առաջին հանդիպումը դրական էր այնքանով, որքանով կարող էր առաջին հանդիպումը դրական լինել․ Միրզոյան
- Զորքերի հայելային հետքաշման հիմքում դրվել են խորհրդային սահմանները. Արարատ Միրզոյան
- ԱԳՆ. Ռուբինյան-Քըլըչի հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում
- Ռուբինյանը մինչ թուրք բանագնացին հանդիպելը խոսել է Անդրեյ Ռուդենկոյի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան