Առաջին անգամ ուսումնասիրվելու է պեստիցիդների վնասակար ազդեցությունը վարելահողերի սննդային շղթայի վրա
ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն ֆինանսավորման է երաշխավորել «Պեստիցիդների կուտակումը և դրանց ազդեցությունը լեռնատափաստանային էկոհամակարգերի կենսաբազմազանության վրա» գիտական թեման: Այն ներկայացրել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնը:
Ծրագրի ղեկավար, նշված ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սիրանուշ Նանագյուլյանը հայտնել է, որ գիտական խմբում ընդգրկված են Կենսաբանության ֆակուլտետի 1 ասպիրանտ, կենսաբանական գիտությունների 3 թեկնածու և կենսաբանական գիտությունների 1 դոկտոր:
Ծրագիրը նպատակ ունի Հայաստանի լեռնատափաստանային էկոհամակարգերում սննդային շղթայի տարբեր մակարդակներում ուսումնասիրել և գնահատել պեստիցիդների ազդեցությունը սնկերի, բույսերի ու կենդանիների տեսակային բազմազանության, ԴՆԹ վնասվածության աստիճանի և մուտացիաների կուտակման վրա՝ համեմատելով վարելահողերն ու չշահագործվող լեռնատափաստանային տարածքները:
Հայաստանում նման ուսումնասիրություն անցկացվում է առաջին անգամ:
Կենսաբազմազանության կորուստը դժվար է հաշվարկել, քանի որ սննդային շղթաներն ունեն բավականին բարդ կառուցվածք, և առանձին տեսակներ տարբեր ձևով են կուտակում վնասակար նյութերը,-նշել է Նանագյուլյանը. «Այնուամենայնիվ, կարելի է ընտրել վայրի էկոհամակարգերի մոդելային խմբեր, որոնց վրա հնարավոր է ուսումնասիրել պեստիցիդների վնասակար ազդեցությունը և մուտացիաների կուտակումը կենսացուցիչ տեսակների մոտ»: Այս նախագծով
գնահատվելու է ազդեցությունը հողային սնկեր-բույսեր-փափկամարմիններ-մողեսներ սննդային շղթայի վրա:
Նրա խոսքով, Հայաստանի ընտրված մարզերի հողագործների հետ ստորագրվելու են համագործակցության համաձայնագրեր վարելահողերի վրա գիտական աշխատանքներ իրականացնելու համար: Այդ տարածքներում ընտրվելու են փորձարարական և ստուգիչ (չշահագործվող) հողակտորներ. «Վերլուծությունները հնարավորություն կտան գնահատել կենսաբազմազանության կորուստը՝ պայմանավորված օրգանիզմների առողջության վրա պեստիցիդների բացասական ազդեցությամբ»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան