Հիշատակի միջոցառում Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ
Այսօր Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրն է։ Հայաստանի հրեական համայնքի ներկայացուցիչները հավաքվել են Երևանում Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ և Հոլոքոստի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցել։
Նրանք պաստառներ են պահել՝ «Մենք հիշում ենք» գրությամբ։
Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2005 թվականի նոյեմբերի 1-ին № 60/7 բանաձևով։ Փաստաթղթի ընդունման նախաձեռնությամբ հանդես են եկել Իսրայելը, Կանադան, Ավստրալիան, Ռուսաստանը, Ուկրաինան, ԱՄՆ-ը, իսկ համահեղինակն են եղել ավելի քան 90 պետություն։ Հունվարի 27-ը ընտրվել է այն պատճառով, որ այդ օրը խորհրդային զորքերն ազատագրել են Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարը (գտնվում է ներկայիս Լեհաստանի տարածքում)։
Առաջին անգամ Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրն ամբողջ աշխարհում նշվել է 2006 թվականին։ Սակայն որոշ երկրներ այդ օրը նշել են և ավելի վաղ։