Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը նշել է 100-ամյակը
Հունվարի 26-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել ընդունելություն՝ նվիրված թատրոնի 100-ամյակին։
Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը երախտիքի խոսք է ուղղել այն մշակութային գործիչներին, ում աշխատանքի ու նվիրման շնորհիվ թատրոնը կերտել է իր մեկդարյա պատմությունը։ Տնօրենը հակիրճ ներկայացրել է թատրոնի վերջին տարիների ձեռքբերումները և առաջիկա ծրագրերը՝ ներառյալ սպասվելիք մեծ պրեմիերան, թատերական աֆիշների միջազգային փատատոնը, հոբելյանական երեկոն։ «Ես ուզում եմ հաստատել, որ մենք նոր դեմքով ենք կանգնած ապագայի հանդեպ»,-ասել է Վարդան Մկրտչյանը։
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը փառավոր հոբելյանի կապակցությամբ շնորհավորել է թատրոնի ողջ անձնակազմին, հազարավոր հանդիսականներին:
«Մեկ դար առաջ բացվեց առաջին պետական թատրոնի վարագույրը՝ բացելով ճանապարհ դեպի պրոֆեսիոնալ թատերական գործունեության ամրապնդում, համաշխարհային դասական դրամատուրգիայի յուրացում, ռեժիսորական որոնումներ ու դերասանական բացառիկ դրսևորումներ: Փառք ու խոնարհում բոլոր մեծանուն և ականավոր գործիչներին, որոնց շնորհիվ կայացան հայ թատերական մշակույթը, դերասանական ու ռեժիսորական դպրոցը»,-ասել է նա՝ հավելելով, որ նախարարության աջակցությամբ և համագործակցությամբ թատրոնն այսօր ապրում է բովանդակային և ոճական նորոգումների իր շրջանը։
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանն իր ուրախությունն է հայտնել, որ թատրոնը նշում է հարյուրամյակը և կոչ արել ծափողջույններով հիշել Մայր թատրոնի պատմության էջերում իրենց վաստակն ունեցող Մեծերին։
«Նրանք, ովքեր ինձնից առաջ են աշխատել փորձել են թատրոնում պահպանել ավանդույթները և ազգային մտածողությունը, նույնը փորձում ենք նաև մենք՝ բարձրացնելով հարթակ թե´ համաշխարհային, թե´ ազգային գրականություն, փոխանցելով և կիսվելով մեր հույզերն ու հոգսերը»,-նշել է Արմեն Էլբակյանը։
Թատորնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ընդունելությանը ներկա են եղել մշակութային գործիչներ, քաղաքական գործիչներ, դիվանագետներ և հրավիրյալ անձինք։ Հյուրերին ողջունել է Հայաստանի պետական կամերային նվագախումբը։