Անկախ թանկացումներից՝ մարդիկ, միևնույն է, ավելի լավ են սկսել ապրել. Վահան Քերոբյան
«Հաշվի առնելով բոլոր թանկացումները, այնուամենայնիվ, տնտեսությունն իրական առումով աճել է 5,2 տոկոսով, ինչը նշանակում է, որ անկախ թանկացումներից՝ մարդիկ, միևնույն է, ավելի լավ են սկսել ապրել»,- կառավարության ճեպազրույցների սրահում լրագրողներին հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Լրագրողի հակադարձմանը, թե իր շրջապատում այդ կարծիքին չեն և հարցումներն էլ այլ պատկեր են ցույց տալիս, նախարարաը պատասխանեց, որ տարբեր շրջապատներ կան, բայց պետք է դիտարկել ոչ թե հատվածական դեպքերը, այլ վիճակագրությունը։
Դրական պատասխան տալով հարցին, թե վարչապետը ճի՞շտ էր ասում, որ ինքը թույլ չի տվել նախարարին հրաժարական տալ՝ Քերոբյանն ասաց․ «Ես չասացի, որ ուզել եմ հրաժարական տալ, շատ մեծ պատասխանատվությամբ եմ արել այդ խոստումները և ժամանակ առ ժամանակ մենք քննարկումներ ունենում ենք մեր ղեկավարների հետ՝ կատարված աշխատանքի որակի և բավարար լինելու վերաբերյալ։ Ես կարող եմ ասել՝ իսկ ի՞նչ կարծիքի եք սրա մասին, ինքը կարող է ասել՝ ես արգելում եմ։ Դա չի նշանակում, որ ես ուզում եմ հրաժարական տալ»։
Նախարարի խոսքով՝ ցանկացած փոփոխություն ժամանակ է պահանջում, և երբ ինչ-որ մեկը պետական կարևոր պաշտոններ է զբաղեցնում, պետք է հասկանա, որ ինքը չունի այդ ազատությունը՝ երբ ուզի, գնա, որովհետև ազգն իր հետ կապել է մեծ հույսեր։
«Ազգն ընտրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, ՔՊ-ն ընտրել է վարչապետին, վարչապետն ընտրել է իր նախարարներին։ Բնականաբար, ազգն այն մարդկանց հետ, որոնք զբաղեցնում են այս պաշտոնները, ունի մեծ հույսեր, և չափազանց անպատասխանատու է առաջին իսկ հարմար առիթով գնալ»,- հայտարարց Վահան Քերոբյանը