Պարույրն ու Հայկազը զոհվեցին Հադրութի ուղղությամբ ծավալված մարտերում․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Չարբախում՝ Շարուրի 28/2 շենքի բակում, 44-օրյա պատերազմում զոհված 12 հայորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթողի բացման արարողություն էր։
12-ից 8-ը պարտադիր ժամկետային զինծառայողներ էին, 4-ը՝ կամավորներ, ովքեր ապրում էին Շարուրի փողոցում։
Նրանցից 2-ը՝ Պարույրն ու Հայկազը մեր հարակից շենքի տղաներից էին, երկուսն էլ զոհվեցին Հադրութի ուղղությամբ ծավալված մարտերում։
Հայկազը պարտադիր ժամկետային ծառայող էր Հադրութի զորամասում, Պարույրը ևս ժամանակին ծառայում էր նույն զորամասում, սակայն պատերազմի ժամանակ զորացրված էր, սակայն կամավոր մեկնեց իր համար հարազատ դարձած Հադրութ։
Մի քանի տարի առաջ, երբ դեռ Արցախում էի, 3 անգամ Պարույրի հետ զորամասում հանդիպել եմ, բարեխիղճ, կարգապահ ծառայություն էր տանում։
Հայկազը ծառայության նոր էր մեկնել, սակայն այդ քիչ ժամանակն էլ բավարար էր, որպեսզի համածառակիցները նրան ճանաչեին որպես ծառայությանն ու հայրենիքին նվիրված մարդու։
Մինչ այս խորհրդանշական արարողությունը շատ ծանր ապրումներով էի մասնակցել տղաների թաղման արարողություններին։
Երկուսն էլ լավ, հարգված ընտանիքից էին, ծնողներին շատ լավ եմ ճանաչում, դեռ չեմ խոսում այն մասին, որ տղերքը աչքիս առաջ էին մեծացել՝ նույն բակում, հասուն մարդ դարձել ու հայրենիքի համար կարևոր պահին մեկնել ռազմաճակատ ու սխրանքների գնացել։
Հավերժ փառք հայրենիքի համար իրենց համար ամենաթանկը՝ կյանքը, տված մեր բոլոր հայրենակիցներին»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան