Արցախցիները փողոց են դուրս եկել. Իշխանությունները խոսում են ամեն ինչից, բացի Արցախի վերադարձից
Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի օկուպացրած տարածքներից տեղահանված բնակիչներն այսօր կրկին փողոց են դուրս եկել։ Նրանք հավաքվել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց՝ ներկայացնելու խնդիրներն ու պահանջները։
«Պահանջում ենք Արցախի Հանրապետության բռնազավթած տարածքների վերադարձ։ Նրանք, ովքեր ասում են, գոնե Շուշին և Հադրութը վերադարձնենք, չեն հարգում Արցախի ժողովրդի կամարտահայտության իրավունքը։ Իսկ Արցախի ժողովուրդը ստեղծել է Արցախի Հանրապետություն ու պահանջում է դրա իրավաքաղաքական ճանաչում, որը Հայաստանի բոլոր իշխանությունների կողմից արհամարվել է»,-լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Տեղահանված արցախցիները համոզված են, պատերազմի ավարտից հետո առաջացած բոլոր խնդիրները կարելի է լուծել միայն Ադրբեջանի բռնազավթած տարածքների վերադարձի դեպքում, երբ իրենք կվերադառնան իրենց տներ։
«Իրենց դրել են ուժեղ քաղաքագետի տեղ, խոսում են դեմոգրաֆիական խնդիրների լուծման մասին։ Այն տարածքում, որը մնացել է Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո, դեմոգրաֆիական խնդիր չկա։ Մենք երբ վերադառնանք մեր տները, այդ ժամանակ կառաջանան նման խնդիրներ։ Մեր հարցերը կլուծվեն միայն Հադրութը, Քաշաթաղը, Շահումյանը, Քարվաճառը, Շուշին վերադարձնելով։ Մեր իշխանությունները պետք է լծված լինեն այդ գործին, ինչը մենք չենք տեսնում։ Իշխանությունները խոսում են ամեն ինչից, բացի Արցախի վերադարձից, ինչի՞ են նստել իշխանության գլուխ, չենք հասկանում»,-ասաց ակցիայի մասնակիցը։
Նա ընդգծում է, եթե Արցախի Հանրապետության տարածքները չվերադարձվեն, անգամ Երևանում հայի համար կյանք չի լինելու։
Արցախից տեղահանված Հայիրյանը հիշեցնում է, երբ Նիկոլ Փաշինյանը եկել էր իշխանության, հայտարարում էր, նախկինները սերմ էին գողանում։
«Հիմա ես ուզում եմ ասել, այս իշխանությունները մեր ազգի սաղմն են գողանում, մեր ազգի գոյաբանական հիմքն են ուտում, ասում են՝ Արցախը չկա, հայկական չէ, արդեն քարեր են նետվում Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ։ Թե ժողովուրդն ի՞նչ բանի է, չենք հասկանում։ Հայ ժողովուրդը պետք է զարթնի ու բարձրացնի հարցերը»,-ասաց նա։
Ակցիայի մասնակիցները մտադիր են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից շարժվել ԱԳ նախարարության շենք ու հնչեցնել իրենց մտահոգող հարցերը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան