Ռուսաստանում վերջին մեկ օրում COVID-19-ով 14 հազար հիվանդ է հոսպիտալացվել
Ռուսաստանում անցած մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով հոսպիտալացվել է 14 046 մարդ, ինչը 9,7%-ով ավելի է նախորդ օրվա համեմատ։ «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
«Հոսպիտալացումների աճ է գրանցվել 60 մարզում, երկու մարզերում իրավիճակը մնացել է անփոփոխ: Ռուսաստանի Դաշնության 23 շրջաններում գրանցվել է հոսպիտալացումների թվի նվազում»,- հայտնել են օպերատիվ շտաբից։
Ըստ աղբյուրի՝ ՌԴ-ում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի օրական աճը կազմել է 98 հազար դեպք։ Սա 9224-ով ավելի է, քան գրանցվել էր նախորդ օրը։ Նշվում է նաև, որ մեկ օրում մահացել է 673 մարդ։
Մոսկվայում մեկ օրում գրանցվել է COVID-19 վարակի 23 994 դեպք (նախորդ օրվա 26 586-ի դիմաց), հոսպիտալացվել է 1383 մարդ (նախորդ օրը՝ հոսպիտալացման 1459 դեպք)։
Ռուսաստանի Դաշնությունում օրական կտրվածքով ապաքինվել է 29 506 մարդ, մայրաքաղաքում՝ 5323 հիվանդ։
Ըստ շտաբի տվյալների՝ «Օմիկրոն» շտամի տարածումը գրանցվել է երկրի 74 մարզում՝ հունվարի 20-ի համեմատ, սա 19-ով ավելի է։
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում համաճարակի ընթացքում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 11 մլն 502 հազար 657 դեպք, մահացել է 329 443 մարդ, ապաքինվել է 10 մլն 159 հազար 197 մարդ։