Արմեն Սարգսյան. Բանակն ու կրթությունը մեր պետականության կարևորագույն հիմնաքարերն են
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր Բանակի օրն է. հայկական զինված ուժերը դառնում են 30 տարեկան:
Անկախ իրավիճակներից՝ մեր բանակը եղել ու մնում է մեր անվտանգության և ինքնության երաշխավորն ու պահապանը:
Երախտագիտությամբ ու խոնարհումով հիշենք ու ոգեկոչենք բոլոր նրանց, ովքեր պայքարել ու մարտնչել են մեր Հայրենիքի՝ Հայաստանի ու Արցախի համար, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել մեր անկախության և ազատության համար։
Առողջություն եմ մաղթում բոլոր վիրավորներին...
Բոլորիդ հետ միասին անհամբեր սպասում եմ գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին: Մենք պետք է շարունակենք մեր ջանքերը նրանց՝ հայրենիք վերադարձնելու և անհետ կորածների արագ հայտնաբերման ուղղությամբ:
Բոլորս պետք է միասնական լինենք բանակի հետ, ամուր պահենք նրա թիկունքը և ամրացնենք այն, համախմբվենք բանակի շուրջ:
Բանակն ու կրթությունը մեր պետականության կարևորագույն հիմնաքարերն են: Աշխարհն արագորեն փոխվում է, և մեզնից է կախված, թե ինչպես օգտագործել այդ փոփոխություններն ի շահ մեր պետականության ու ժողովրդի:
Դրա համար մեզ պետք է ունենալ կրթված և հայրենիքի պաշտպանությանն ամեն ինչով պատրաստ քաղաքացի, կազմակերպված, կարգապահ, տեխնիկապես հագեցած ու տեխնոլոգիապես զարգացած և մարտունակ զինված ուժեր, մրցունակ ու զարգացող տնտեսություն, և իհարկե, հասարակություն, որը պատրաստ է ամեն ինչով և ամեն պահի աջակից լինել բանակին:
Սիրելի՛ զինծառայողներ,
Ձեզնից յուրաքանչյուրը բանակի յուրահատուկ առանցքն է:
Հայրենիքը, մենք բոլորս հույսով ու հավատով, հարգանքով, հպարտությամբ ու վստահությամբ ենք նայում ձեզ, և ձեզ հետ միասին նոր հաղթանակներ ենք կերտելու:
Փա՛ռք Հայոց բանակին»։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Թովմասյան. Համոզված ենք, որ մեր ապագան լուսավոր է, և ոչ մի մարտահրավեր չի կարող խաթարել մեր անխախտ երթը
- Ռոբերտ Քոչարյան. Լիահույս եմ՝ բանակը, ի վերջո, դարձյալ կուղղի մեջքը և կդառնա մեր ժողովրդի անվտանգության լիարժեք երաշխավորը
- Նիկոլ Փաշինյան. 2018 թվականից կառավարությունը սկսել է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման գործընթացը
- Գագիկ Ծառուկյան. Մեր հավաքական հավատը մեկն է՝ Հայոց բանակը, հայ զինվորը չի պարտվել
- Արթուր Վանեցյան. Բանակի տոնը պետք է նշել զինվորի կողքին