Թշնամու առջև Մարտակերտի դարպասը փակած հրամանատար Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է
Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրը, Ապրիլյան պատերազմում հերոսաբար զոհված հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է։ Կապիտանը կդառնար 32 տարեկան։
Սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում։ Ուսումն ավարտելուց հետո մեկնել է Մարտակերտ՝ պայմանագրային ծառայության:Ուրֆանյանը ՀՀ Զինված ուժերում էր 2007 թվականից: 26 տարեկանում արդեն կապիտան էր, վաշտի հրամանատար` առաջնագծում:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ռազմական կարևոր նշանակություն ունեցող Մարտակերտի ուղղությամբ գտնվող մարտական հենակետում կապիտան Արմենակ Ուրֆանյանն իր զինվորների հետ ժամեր շարունակ մարտնչել է թշնամու հատուկ ջոկատայինների դեմ, դիմակայել ծանր զրահատեխնիկայի հարվածներին։
Նա իր զինվորների հետ ընդունել է մարտը՝ հրամայելով չնահանջել, քանի որ գիտակցել է՝ եթե այդ մարտական դիրքը հանձնվի հակառակորդին, մնացած մարտական դիրքերը կշրջափակվեն հակառակորդի կողմից: Անհավասար մարտում վաշտի 7 մարտիկները՝ Արմենակ Ուրֆանյանի գլխավորությամբ, հետ են մղել թշնամու առաջին փորձը՝ խփելով մեկ տանկ: Երկրորդ գրոհն ավելի մեծ ուժերով է նախաձեռնվել, թշնամին դեպի դիրքեր փորձել է ճանապարհ հարթել էվակուացիոն մեքենայով, բայց Արմենակը ոչնչացրել է նաև դա, հակառակորդը մեծաթիվ ուժերով կրկին նահանջել է: Հակառակորդի մեծաթիվ զորքը գրոհել է 7 հոգանոց վաշտի վրա և շարունակել հրետակոծությունը:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը վերջին գիշերը եղավ Արմենակի ու նրա շատ զինակիցների համար: Անհավասար պայքարում զոհվեցին 7 քաջերից 4-ը` Արմենակ Ուրֆանյանը, Քյարամ Սլոյանը, Անդրանիկ Զոհրաբյանը և Ռոբերտ Աբաջյանը:
Կապիտան Արմենակ Ուրֆանյանը հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական ծառայության» մեդալով, ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, հուղարկավորվել է «Եռաբլուր» պանթեոնում: 2020 թվականի օգոստոսի 29-ին Արմենակ Ուրֆանյանն արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման։
Panorama.am-ի հարցազրույցներից մեկում Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ներսիսյանն պատմել է, որ որդու ծնունդը միշտ նշում էին, Արմենակն էլ սիրում էր այդ օրը, իսկ ցանկալի նվերը խաղալիք զենքերն էին. այդ սերը շարունակվեց նաև հասուն տարիքում:
Արմենակ Ուրֆանյանը երկու տարով էր մեծ կազմավորված Հայոց բանակից, և հունվարի 28-ը կրկնակի տոն էր նրա համար: Մոր խոսքերով՝ ուսանողական տարիներին Արմենակը ծնունդը նշում էր համակուրսեցիների հետ, մայրն ամեն ինչ տանը պատրաստում էր ու ուղարկում որդուն, իսկ տանն էլ հարազատներով էին հավաքվում:
Արմենակի մայրը երբեք չի մոռանա 2016 թվականի հունվարի 28-ը: Այդ օրը որդին տանն էր ու մորն ասել է. «Ես իմ կյանքից շատ գոհ եմ»: Մայրն էլ թե՝ ինչ ես տեսնում դիրքերում, որ գոհ ես. «Երբեք չեմ մոռանա այդ օրը: Արմենս շատ ուրախ էր, սիրած աղջիկը կողքին, լիքը երազանքներով ու սպասումներով; Այսօր էլ ուզում եմ նրան այդպես հիշել...»։
Հարակից հրապարակումներ`
- Մարտակերտի արծիվներից մեկը՝ Անդրանիկ Զոհրաբյանն այսօր կդառնար 21 տարեկան
- «Մամ, ես բանակի տղան եմ». այսօր Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է
- Ռոբերտ Աբաջյանն այսօր կդառնար 20 տարեկան
- Իրականություն, որը նման է լեգենդի. Արմենակ Ուրֆանյան