Գարեգին Երկրորդը հոգևոր դասի հետ Եռաբլուրից աղոթք բարձրացրեց առ Աստված՝ քաջարի զավակների հոգիների հանգստության համար
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևոր դասի ուղեկցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում է։
«Այսօր բանակի օրն է, նաև Հայոց բանակի կազմավորման 30-ամյակը։ Մենք՝ միաբան մեր հայրերի հետ, բարձրացանք այստեղ, որպեսզի մեր աղոթքն առ Աստված բարձրացնենք մեր քաջարի զավակների հոգիների հանգստության համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գարեգին Երկրորդը։
Վեհափառ Հայրապետի խոսքով, հայցում են, որ Տերը օրհնի մեր ժողովրդի կյանքը՝ ապրելու խաղաղության և ապահովության պայմաններում, ապրելու արարողական, ստեղծագործական կյանքով, բարօրության մեջ։
«Նաև մեր հայցն առ Աստված բարձրացրեցինք, որպեսզի Տիրոջ օրհնությամբ զորանա Հայոց բանակը և պաշտպանի խաղաղ, անվտանգ կյանքը մեր երկրի և մեր ժողովրդի»,- ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը։
Հարակից հրապարակումներ`
- Աստված իմաստություն տա մեր ժողովրդին հասկանալու պետության և բանակի իրական արժեքն ու դերը. Արցախի թեմի առաջնորդ
- ՀՀ և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ հրամայական է ժամանակների պահանջներին համարժեք Հայոց բանակի հզորացումը. Գարեգին Երկրորդ