Մոտ օրերին կլսեք իմ արձագանքները. Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
«Պետությունները Զինված ուժեր են ստեղծում, որպեսզի կարողանան ապահովել պետությունների տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը և իրենց քաղաքացիների անվտանգությունը։ Այս առումով, այս պարզ ճշմարտության լավագույն դրսևորումներից մեկը Սարդարապատի ճակատամարտն է»,- ասում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ի պատասխան լրագրողի հարցին, թե ինչո՞ւ է ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-ամյակի օրը որպես այցելության վայր ընտրել հենց Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը։
Նա նշում է, որ իր խորհրդանշական այցելությամբ ուզում է դրա մասին հիշեցնել մեր ժողովրդին, մեր Զինված ուժերին, մեր սպաներին ու զինվորներին։
Հարցին, թե ինչպե՞ս կարձագանքի Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ հայտարարություններին՝ կապված Արցախի բանակցային գործընթացի հետ, Սերժ Սարգսյանը պատասխանում է. «Մոտ օրերին կլսեք իմ արձագանքները: Տևական, հանգամանորեն կարձագանքեմ»։
Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-ամյակի առթիվ, այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, որտեղից և ուղերձ է հղել: Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել:
Այսօր առավոտյան ՀՀ երրորդ նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայոց բանակի ձևավորման և բանակաշինության գործում իրենց մեծագույն ավանդը ներդրած նվիրյալ զավակների և Հայրենիքի ազատության ու անկախության համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին: