Հայերիս համար հայոց բանակը բացարձակ արժեք է․Արդարադատության ակադեմիայի ռեկտոր
Հունվարի 28-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվել է դատախաղ-մրցույթ՝ նվիրված 44-օրյա պատերազմի մասնակից Գևորգ Արշակյանի հիշատակին: Նախքան մեկնարկը, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակը: Այս մասին հայտնում են ակադեմիայից։
Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը շնորհավորել է ներկաներին հայոց բանակի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ:
«Հայերիս համար հայոց բանակը բացարձակ արժեք է, մեր պետականության հիմքերը պահպանելու առումով՝ անփոխարինելի»,- նշել է ռեկտորը՝ ընդգծելով, որ մենք իրավունք չունենք ընկճվելու. պետք է մեր բանակն ավելի մարտունակ դարձնենք:
Դատախաղ-մրցույթին մասնակցում էր երկու խումբ՝ կազմված Ակադեմիայի քրեական մասնագիտացմամբ դատավորների թեկնածուների հավակնորդներից և դատախազի թեկնածուներից: Կալանքի միջնորդության վերաբերյալ քրեական գործը քննվել է երկու փուլով. ընդհանուր իրավասության, այնուհետև՝ վերաքննիչ քրեական դատարաններում:
Մասնակիցները պարգևատրվել են 5 անվանակարգերում՝ «Լավագույն պաշտպանական դիրքորոշում», «Լավագույն մեղադրական դիրքորոշում», «Լավագույն հռետոր», «Թիմային աշխատանքի լավագույն համակարգող», «Առավել ակտիվ մասնակից»:
Շնորհակալագրերով պարգևատրվել են գործը քննող Երևանի առաջին ատյանի դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը, ինչպես նաև դատախաղի գնահատման հանձնաժողովի անդամներ՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին և ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ԱԱԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արթուր Չախոյանը:
Ամփոփելով՝ ռեկտորը շնորհակալություն է հայտնել Գևորգ Արշակյանի մայրիկին՝ դատավոր Նաիրա Հովսեփյանին նախաձեռնությանը միանալու և ներկա գտնվելու համար և բոլոր նրանց, ովքեր աջակցեցին դրա իրականացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան