ՀՅԴ ԳՄ. Սահմանին կանգնած մեր որդիներին հավատ ու վստահություն ներշնչենք սեփական ուժերի և վսեմ առաքելության նկատմամբ
ՀՅԴ Հայաստանի ԳՄ շնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի 30-ամյակի առթիվ.
«30 տարի առաջ՝ 1992 թ․ հունվարի 28-ին, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ» պատմական որոշումով ազդարարվեց Հայոց Ազգային բանակի ստեղծումը: Այն ծնունդն էր մեր արդար պայքարի, մեր պոռթկած արժանապատվության՝ ծառայելու մեր անվտանգությանն ու պետականության ամրապնդմանը։
Հայոց բանակը կոփվեց հերոսական մարտերում՝ դառնալով հզոր ու մարտունակ: Յուրաքանչյուր հայ հպարտ էր իր բանակով և իր զինվորով։ Մեզ միացնում էր այն հաստատ համոզումը, որ Հայրենիքի սահմանին կանգնած զինվորը գիտակցում և ծառայում է վեհ գաղափարի՝ ինքն է հայկական պետության և անվտանգության հիմնական երաշխավորը:
Հայոց բանակն ու Հայոց պետականությունն իրենց կայացման ճանապարհին դժվար փորձություններով են անցել, արձանագրել հերոսական էջեր, դիմագրավել և շարունակում են դիմագրավել լրջագույն մարտահրավերներ։
Մեր ժողովրդի և բանակի համար այս ծանր օրերին պետք է գիտակցենք և առաջնորդվենք կամքով և հավատով, որ մեր նահանջները ժամանակավոր են, որ մեր բանակն ու զինվորը յուրաքանչյուրիս անվերապահ զորակցության կարիքն ունեն։ Միասնական նվիրումով զորացնենք մեր ազգային բանակը, սահմանին կանգնած մեր որդիներին հավատ ու վստահություն ներշնչենք սեփական ուժերի և վսեմ առաքելության նկատմամբ։
ՀՅԴ-ն, լինելով Հայոց բանակի կազմավորման ակունքներում, մշտապես սատարել է Հայոց բանակին։ Մենք դա գործով ենք ապացուցել՝ պետականության և հայ զինվորի կողքին կանգնելով Արցախյան ողջ ազատամարտի, նաև 44-օրյա պատերազմի օրերին։ Մենք դա արել ենք անսակարկ, մեր տասնյակ նվիրյալ ընկերների կյանքի գնով, նրանց հերոսական զոհողություններով։
Այսօր էլ կանգնած ենք հայրենիքի և պետականության, նրա նվիրյալ գեներալների, սպաների ու զինվորների կողքին և թույլ չենք տա նսեմացնել մեր ազգի ու պետության անվտանգության երաշխավոր Հայոց բանակը, այն էլ` անվտանգային լրջագույն սպառնալիքներով լի այս ժամանակներում:
Խոնարհում հայ զինվորին։
Շնորհավո´ր տոնդ, Հայո՛ց բանակ: Շնորհավո´ր տոնդ, հա՛յ ժողովուրդ, անկոտրում կամքով դեպի նոր ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ»։
Հարակից հրապարակումներ`
- Վահե Հակոբյան. Գալու է օրը, երբ բանակը բարեփոխվելու է, հայ զինվորի պատիվը բարձր է լինելու, իսկ սպա լինելը՝ հպարտություն
- «Աչքիս առաջ երազանքներով և վաղվա օրվա նկատմամբ հավատով Աբգարս ու մյուս հերոսներն են»
- Բանակն այն կառույցն է, որն առաջինը և ամենաարագը կարող է շտկել վիրավոր մեջքն ու դուրս գալ այս իրավիճակից. Սեյրան Օհանյան
- Արթուր Վանեցյան. Բանակի տոնը պետք է նշել զինվորի կողքին