Սերժ Սարգսյան. Ես հավատում եմ Հայոց պետության զարթոնքին, հայ ժողովրդի խոհեմությանը և անկասելի հաղթական երթին
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-ամյակի առթիվ, այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, որտեղից և ուղերձ է հղել: Այս մասին հայտնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից։
Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել:
Այսօր առավոտյան ՀՀ երրորդ նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայոց բանակի ձևավորման և բանակաշինության գործում իրենց մեծագույն ավանդը ներդրած նվիրյալ զավակների և Հայրենիքի ազատության ու անկախության համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ
Հայոց բանակի օրվա առթիվ իմ ուղերձը այսօր հնչեցնում եմ հայ զինվորի հաղթական ոգու և հայոց ազգային արժանապատվության խորհրդանիշ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրից:
Վայր, որտեղ ամեն խորհրդանիշ իր նշանակությունն ունի, որտեղ ամփոփված են ինչպես Սարդարապատի ճակատամարտի, այնպես էլ Արցախյան ազատագրական պայքարի հերոսների աճյուններ, որտեղ թևածող հայոց քաջազունների անմահ հոգիները ուժ, վճռականություն և անսասան հավատ են ներշնչում Հայրենիքի պաշտպանությանը պատրաստ յուրաքանչյուրին: Այստեղ «Սթափեցնող ուժերի» մարմնավորումն է կերտվել՝ որպես զգուշացում թշնամուն, բայց նաև հորդոր մեր ժողովրդին՝ երբևէ զգոնությունը չկորցնելու և սին պատրանքներով ու սուտ խոստումներով կործանման չգնալու: Այստեղ կենաց-մահու պայքարում դարերով կորցրած անկախությունը վերականգնելու, վերարժևորելու, Հայաստանի վերածննդի հաստատումն է և պատգամը՝ վճռական պահին միշտ պատրաստ լինել համախմբված կանգնելու հայ զինվորի կողքին և անհնարին թվացողը կրկին հնարավոր դարձնելու:
Անցած երեք տասնամյակների ընթացքում և´ փառահեղ հաղթանակներ տարած, և՛ վերջին պատերազմում հայրենադավ, վախկոտ ղեկավարների հրամանատարության ներքո ծանր պարտություն տեսած հայոց բանակի հոբելյանի օրը այս հաղթական վայրից կոչ եմ անում անսալ Սարդարապատի խորհրդին և արժանի լինել բոլոր ժամանակներում Հայրենիքի համար նահատակված մեր հերոսների հիշատակին:
Ես հավատում եմ Հայոց պետության զարթոնքին, հայ ժողովրդի խոհեմությանը և անկասելի հաղթական երթին: Հավատում եմ, քանի որ ես և իմ բազմաթիվ մարտական ընկերները Շուշիի ու Արցախի այլ բնակավայրերի ազատագրմամբ ականջալուր ենք եղել Սարդարապատի խորհրդին և ուժ առել մեր քաջակորով նախնիների հերոսական սխրանքներից:
Ես հավատում եմ, որ հուշահամալիրի զանգակատան զանգերի ղողանջը դեռ ազդարարելու է նոր հաղթանակի լուրը, և այդ հաղթանակը Հայոց փառապանծ բանակն է կռելու՝ մեր ժողովրդի 30-ամյա զավակը:
Շնորհավոր տոնդ, Հայո՛ց բանակ»։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Սարգսյան. Բանակն ու կրթությունը մեր պետականության կարևորագույն հիմնաքարերն են
- Ռոբերտ Քոչարյան. Լիահույս եմ՝ բանակը, ի վերջո, դարձյալ կուղղի մեջքը և կդառնա մեր ժողովրդի անվտանգության լիարժեք երաշխավորը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան