Սաթիկ Սեյրանյան. Լրագրողական համայնքի համերաշխության ամրապնդման առումով մենք դեռ անելիքներ ունենք
«Ցավոք, Հայաստանի ժուռնալիստների միությունը, օբյեկտիվ, թե սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված, դադարել էր գործել որպես ինքնուրույն միավոր՝ ըստ էության վերածվեով հանրային դաշտի այլ կազմակերպությունների կցորդի»,-իր խոսքում նշեց Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը՝ միության հերթական համագումարում ներկայացնելով անցած տարիների ընթացքում կատարած աշխատանքը։
Այդ իրավիճակում, ըստ բանախոսի, միության դերը սահմանփակվում էր լավագույն դեպքում այլոց հայտարարությունների ներքո ստորագրելով։
Հիշեցնենք, որ Սեյրանյանը միության նախագահ է ընտրվել 2017-ի դեկտեմբերին։
Միության այդ կարգավիճակին էլ գումարվել է այն, որ հասարակությունն ու պետությունը հայտնվեցին ոչ ստանդարտ, հախուռն ժամանակներում։
«Երկրում այդ փոփոխությունները դարձան շատ արժեքների, վերաբերմունքի, սկզբունքների փոփոխության պատճառ։ Քանդվեցին հանրային ու մասնագիտական շատ կառուցակարգեր։ Ցավոք, միախառնվեցին լրագրությունն ու քաղաքականությունը, ինչը դժվարեցրեց ԶԼՄ-ների, լրագրողների խնդիրներով զբաղվող կազմակերպությունների, այդ թվում նաև Ժուռնալիստների միության աշխատանքը»,-իր խոսքը շարունակեց Սաթիկ Սեյրանյանը։
Նա նկատեց, այս պայմաններում խնդիր է ունեցել վերականգնել կառույցի ինքնուրույնությունն ու ինքնաբավությունը։
«Հուսամ, որ այդ խնդիրը, եթե ոչ ամբողջությամբ, ապա մեծամասամբ կարողացել ենք առավելագույնս լուծել անցած տարիների ընթացքում»,-ասաց նա՝ գլխավոր ձեռքբերումներից մեկը համարելով անցած տարիների տասնյակ լրագրողների անդամակցությունը միությանը։
Սեյրանյանի խոսքով, նախորդ տարիներին փորձել են իրավական ճանապարհով լուծել միությանը պատկանող տարածքները՝ ի վնաս միության վատ պայմաններով վարձակալության տրված ու դրա հետևանքով ծագած խնդիրները։
«Բազմաթիվ տնտեսվարողների հետ այսօր էլ գտնվում ենք դատական գործընթացներում, ինչը չափազանց ժամանակատար է։ Հուսամ, տեսանելի ապագայում այդ խնդիրներից որոշները կլուծվեն, ինչը կնպաստի միության ֆինանսատնտեսական ինքնաբավության բարձրացմանը»,-ասաց միության նախագահը։
Հայաստանի ժուռնալիստների միությունը, ըստ Սեյրանյանի, կարողացել է կառուցողական համագործակցություն ծավալել Լրագրողների միջազգային և եվրոպական ֆեդերացիաների, Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության, ԱՊՀ մի շարք երկրների միությունների հետ։
«Նրանց աջակցությունը մեզ համար անգնհատելի էր նաև 44-օրյա պատերազմի լուսաբանման գործում»,-ասաց նա։
Սեյրանյանը ցավ հայտնեց, եր 2018-ի իշխանափոխության հետևանքով պառակտվեց նաև լրագրողական համայնքը, միությունը կարողացել է որաշակիորեն համախմբել համայնքը մասնագիտական հարցերի քննարկումներում, սակայն չի ահաջողվել ապահովել այդ համերաշխությունը առկա բևեռվածության պայմաններում։
«Համերաշխության ամրապնդման առումով մենք դեռ անելիքներ ունենք»,-ասաց նա։
Իր ելույթում միության նախագահն անդրադարձավ լրագրողական համայնքում առկա խնդիրներին, նշեց, որ մամուլը չափազանց քաղաքականացված է, ինչը բացասաբար է անդրադառնում լրատվության որակի, պետության կյանքում տեղի ունեցող հանրային ու կարևոր նշանակություն ունեցող իրադարձությունների լուսաբանման վրա։
«Սա համակարգային լուծում պահանջող խնդիր է, որը հնարավոր է միայն մասնագիտական էթիկայի այնպիսի կենսունակ կանոնների առկայությամբ, որոնք կսահմանափակեն քաղաքական ազդեցությունները մամուլի վրա։ Չափազանց դժվար լուծելի խնդիր է, որի ուղղությամբ աշխատում ենք մեր բոլոր գործընկերների հետ»,-ասաց նա։
Նշենք, որ միության համագումարի օրակարագում ՀԺՄ նախագահի, վարչության անդամների, Վերստուգիչ հանձնաժողովի անդամների ընտրության հարցն է, ինչպես նաև նորացված կանոնադրության ընդունումը։