Ինչպե՞ս դառնալ Digital marketing մասնագետ
Թվային մարքեթինգը նոր ուղղվածություն է, թվային մարքեթրն էլ նոր մասնագիտություն, որն առաջացել է դարի պահանջներից, տեխնոլոգիաների զարգացումից, մարդկանց վիրտուալ տիրույթ տեղափոխվելուն զուգահեռ։ Այն մարքեթինգի ճյուղ է, արդեն ոչ իր դասական իմաստով։ Դասականի ու ոչ դասականի, մասնագիտությանը տիրապետելու նրբությունների, դժվարությունների ու Հայաստանում թվային մարքեթոլոգ դառնալու հնարավորությունների,դրա լավ ու վատ կողմերի մասին պատմում է Մանյա Սարգսյանը, ով մոտ 10 տարի է՝ այս ոլորտում է։
Հավերժական Կոտլեր «պապիկը»
Մարքեթինգի շատ տարբեր սահմանումներ կան, երևի մի 100-ից ավել, ես բավականին հին մարդ եմ ու սիրում եմ Ֆիլիպ Կոտլերի սահմանումը, ըստ որի՝ մարքեթինգը ընկերության համար շահավետ տարբերակով մարդկային պահանջմունքների բավարարման ու վերարտադրության պրոցեսն է։ Դիջիթլ մարքեթինգն իրականում սկզբունքային ու հիմքերի առումով դասականից շատ տարբեր չէ, տարբեր է գործիքակազմը, քանի որ այն իրականացվում է թվային տիրույթում՝ հենց այդ տիրույթի համար նախատեսված գործիքների ու պլատֆորմների միջոցով։ Դասական սահմանումներ կան իհարկե, բայց քանի որ այն ճշգրիտ գիտություն չէ ու շատ կախված է նաև բիզնեսի տեսակից, առանձնացնել չեմ ուզում։
Մարքեթինգի հիմքը մարդկանց պահանջմունքների բավարարումն է, մեր խնդիրը դա մաքսիմալ որակով ու նվազագույն ծախսերով իրագործելու մեջ է։ Շուկայի հետազոտությունից մինչև ապրանքի շուկա մուտքը, հետվաճառքները գնահատելը ու փոփոխությունների հիման վրա նոր մարքեթինգային ռազմավարության մշակումը հենց մեր աշխատանքն է։ I
Digital Marketer, SMM Specialist, E-mail Marketing Specialist,SEO Specialist, Content Writer
IT -ում Case Study ները շատ հետաքրքիր են՝ հետազոտությունից մինչև պրոդուկտի մշակումն ընկած քայլերը։Թվային մարքեթոլոգներն, իհարկե, սկզբում ունիվերսալ մասնագետներ էին, ժամանակի հետ ավելի նեղ մասնագիտական ուղղվածություններ առաջ եկան, ինչպիսին է՝ Digital Marketer, SMM Specialist, E-mail Marketing Specialist,SEO Specialist, Content Writer և այլն։ Ցանկացած թվային մարքեթինգի մասնագետ սկսում է դրանց բոլորի ուսումնասիրությունից, ժամանակի ընթացքում ընտրում այն ուղղությունը, որն իրեն առավել մոտ է, հեշտ է տրվում, հետաքրքիր է կամ առավել լավ է ստացվում։
Կյանք, կռիվ ու Digital Marketing
Թվային մարքեթինգի հետ մեր ամենօրյա առնչությունը սկսվում է համակարգչի դիմաց նստելով կամ հեռախոսի հետ ցանկացած գործողությունից։ Մենք բոլորս գտնվում ենք տարատեսակ կայքերի և սոցիալական հարթակների այսպես ասած «հետախուզության» տակ, մեզ բոլորիս թիրախավորում են որպես այս կամ այն պրոդուկտի՝ ապրանքի կամ ծառայության պոտենցիալ սպառողներ։ Մերօրյա տեխնոլոգիաները, ալգորիթմները թույլ են տալիս վերահսկել մեր հետաքրքրությունները, ցանկություններն ու պահանջմունքները՝ մեր գտնվելու վայրից սկած մինչև այս կամ այն կայքում մեր գործունեություն կամ սոցիալական կայքերում մեր հետաքրքրություններն ու նախասիրությունները։Պրոդուկտների առաջխաղացմամբ զբաղվող մասնագետները՝ մարքեթինգի վաճառքի, եթե նախկինում իրենց թիրախը փնտրում էին այլ վայրերում, ապա հիմա դիջիթլի մասնագետները դա անում են հենց այս տիրույթում։ Եթե նախկինում մարդկանց՝ պրոդուկտի առաջխաղացման համար մեծ մարքեթինգային ու գովազդային բյուջե էր պետք թիրախին հասնելու ու վաճառքներ իրականացնելու համար, ապա դիջիթլը բազմակի անգամ նվազեցրել է այդ բյուջեն՝ բիզնեսի տեսակից կախված, և թույլ է տալիս անգամ նորաստեղծ ապրանքանիշերին առաջխաղացնել իրենց ապրանքը կամ ծառայությունը։ Բնականաբար, գովազդի մյուս տեսակներն ամբողջովին դուրս չեն մղվել՝ հաշվի առնելով թիրախների բազմազանությունը, տարբեր հարթակներում դրանց հասանելության աստիճանը և բազմաթիվ այլ գործոններ, բայց հիմա բոլոր, անգամ առաջնային անհրաժեշտության ապրանքներ արտադրող կամ ներկրող ընկերություններն ունեն դիջիթլ գովազդի բյուջե, հետևաբար նաև՝ դրա մասնագետներին։ Ցանկացած երևույթ, գործիք ունի իր ինչպես դրական, այնպես էլ՝ բացասական կողմերը։ Ուստի գործիքն արդյունավետ կամ վնասաբեր է դառնում օգտատիրոջ ձեռքում, հետևաբար մեզնից յուրաքանչյուրից է կախված ինչ նպատակով, երբ, ինչպես կօգտագործենք այն։ Ինֆորմացիայի դարաշրջանում ցանկացած մասնագետ ունի դրա շատ մեծ հոսք, ու դրանից առավել արդյունավետ օգտվելն արդեն գալիս է վերջինիս հմտություններից, կարիքից, առաջնայինը երկրորդայինից զանազանելու կարողությունից ու բազմաթիվ այլ պայմաններից։ Հետևաբար միանշանակ պատասխան չկա, քանզի դարի հրամայականն ու պահանջն է՝ իր բացասական հետևանքներով հանդերձ։ Իմ սուբյեկտիվ համոզմամբ դրա առավելությունն այնքան մեծ է, որ 21րդ դարում դժվար պատկերացնեմ մեկին, ով դրանից հրաժարվել է՝ հաշվի առնելով բացասականը։ Ժամանակի հետ փորձից կախված ավելի լավ կսկսեն ընտրել ու տարբերակելը կարծում եմ՝ նվազագույնի հասցնելով բացասական հետևանքները։
Աշխատաշուկա
Ես աշխատում եմ IT ընկերությունում և ԱՄՆի շուկայի համար նախատեսված պրոդուկտի վրա, թիմը՝ ևս, խնդիրներ չկան։ Մեր օրերում աշխարհը փոքր է, համացանցն ու դիջիթլը թույլ են տալիս հաղորդակցումն ու աշխատանքը դարձնել արդյունավետ, հատկապես Կորոնա վիրուսից հետո, երբ մեծ մասը հեռահար աշխատանքի էին անցել, տեսանք դրա արդյունավետությունը։ Օնլայն շփումները, ժողովները թույլ են տալիս օպտիմալ կազմակերպել աշխատանքը՝ հաշվի առնելով թիմում շատ տարբեր երկրների ու ազգերի ներկայացուցիչների։ Դա մեծ փորձ է ցանկացածի համար, թույլ է տալիս նաև աշխատել մի երկրում, ապրել՝ մեկ այլ։
Ինչպե՞ս դառնալ Digital marketing մասնագետ
Ես կողմ չեմ Հայաստանում սովորելուն, քանի որ կարող եմ առանձնացնել շատ սահմանափակ թվով համալսարաններ կամ ընկերություններ, ովքեր սովորեցնում են այդ մասնագիտությունը։ Փոխարենը կան օնլայն հարթակներ, որոնք զրոյից սկսելու բավականին լավ հնարավորություն են տալիս, հետագայում պրակտիկ մի քանի պրոյեկտների վրա հնարավոր է դառնում կիրառել ստացած գիտելիքները, իսկ արդեն պրոֆեսիոնալ դառնում են իրենց ամենօրյա աշխատանքում ամենօրյա գործառույթներն իրականացնելիս։
Սեփական փորձը
Այս մասնագետ դառնալու իմ ուղին սկսվել է Հայաստանում սովորելով, մասնագիտությամբ տնտեսագետ եմ, շատ քիչ եմ աշխատել որպես տնտեսագետ։ Քանի որ իմ ավարտելու տարիներին սկսեց զարգանալ մասնավոր բիզնեսը, շուկան թելադրեց մի փոքր փոխել ուղղվածությունը, մասնագիտությունն էլ դա թույլ էր տալիս։ Դրսում ապրելու փորձ ունեմ, բայց համեմատություն թերևս չեմ անի Հայաստանի հետ, կրկնվեմ՝ ամեն երևույթ ունի իր դրական ու բացասական կողմերը։ Մեր առաջնահերթություններից ելնելով՝ մենք ինքներս ընտրում ենք մեզ համար առավել ընդունելի հաճելի ու լավ տարբերակը։ Մոտ 10 տարի զբաղվել եմ կոմերցիայով, trade marketing կոչվածը երկու շատ տարբեր ոլորտներում, իսկ ժամանակի թելադրանքով ստիպված մուտք արեցի դիջիթլ, ժամանակի հետ սիրեցի ու ստացա IT ընկերությունից առաջարկ, տարիների ընթացքում հմտացա ու առ այսօր սովորում եմ, սովորեցնում եմ իմ թիմին, քանի որ այս ոլորտում փոփոխությունները ոչ թե ամեն օր, այլ ամեն ժամ են։ Շատ տարբեր նոր գործիքներ ու պլատֆորմեր են առաջ գալիս, որոնք պետք է ուսումնասիրել, համեմատել, հասկանալ առավելությունները, ըստ դրա ընտրել որոնք արդյունավետ կլինեն հենց քո ու քո թիմի աշխատանքում ու ներդնել, ու էսպես անընդհատ, անվերջ։Դասավանդել եմ Համալսարանում, քանի որ թեկնածուական ատենախոսության համար այն ժամանակ դա պարտադիր էր, բայց ակադեմիականը իմը չէ, լսարան մտնելն ամեն օր մեծ ջանքեր ու ժամանակ է պահանջում, որը ես այսօր չունեմ։ Դասավանդում եմ երբեմն թրեյնինգների միջոցով, ունեմ պրակտիկանտներ, համալսարաններից երբեմն նաև դիպլոմայինի նախապաշտպանության մասով օգնում եմ ուսանողներին։
Անհրաժեշտ հմտություններ
Նախ ասեմ, որ մեր օրերում ամեն երկրորդ մարդն ուզում է դառնալ դիջիթլ մարքեթոլոգ, ավելի հաճախ SMM-շիկ, բայց իրենցից շատ քչերն ունեն մարքեթինգի մասով գիտելիքներ։ Բնավ չեմ խոսում ակադեմիական կրթության մասին, բայց հիմք դասական մարքեթինգի ամեն դեպքում անհրաժեշտ է՝ ճիշտ հետազոտություն կազմակերպելու, թիրախավորելու, թիրախին հասկանալու, մարքեթինգը վաճառքի հետ կապելու, արդյունքը հաշվարկելու համար։ Իմ կարծիքով, ցանկության դեպքում ցանկացած մասնագիտություն հնարավոր է յուրացնել, դրա համար անհրաժեշտ են ցանկություն, ջանք, աշխատանք, բայց սկսել հիմքից, որպեսզի կարողանաս ինչ որ ժամանակ հետո դառնալ ոչ թե շարքային, այլ՝ որակյալ մասնագետ։
Անհրաժեշտ փոփոխություններ
Միանշանակ, իմ կարծիքով ցանկացած մասնագետ 3-5 տարին մեկ պետք է փոխի կամ մասնագիտություն կամ մասնագիտացում։ Այսպես կոչված «BOX-ից դուրս» տեսնելու համար մեզ անհրաժեշտ են նոր հմտություններ, որոնք ամենահեշտը տրվում են որևէ նոր մասնագիտություն յուրացնելով։ Ես իմ թիմում շատ կարևորում եմ նաև ռոտացիաները, պարբերաբար պրոդուկտներ փոխելը, դա օգնում է մասնագետին զարգանալ, այլ տեսանկյունից նայել գործընկերոջ կատարած աշխատանքին ու սովորածը կիրառել իր ամենօրյա աշխատանքում՝ այն ավելի արդյունավետ դարձնելով։
Արհեստական բանականությունն ու Հայաստանյան շուկան
Արդեն իսկ նշել եմ, որ հայաստանյան շուկան բավականին սահմանափակ է, AI-ն՝ որպես տեխնոլոգիա, եթե իհարկե դա կարող ենք հենց էդպես բնորոշել, օգտագործում են բազմաթիվ ՏՏ ընկերություններ, որոնց արտադրանքն արտահանվում է դուրս։ Գիտեմ, որ լաբորատորիաները ևս աշխատում են այդ ուղղոսւթյամբ, վերջերս մի քեյս էր զարմացրել, արհեստական բանականություն, որի շնորհիվ կարելի ա վերակենդանացման բաժանմունքում հայտնվելուց 48 ժամ հետո կանխատեսել՝ հիվանդը կմահանա, թե՝ կապաքինվի, ու սրա վրա աշխատում են նաև մերոնք։ Շատ ինֆո չունեմ էս մասով, կարծիքս ոչ ճիշտ ու չափազանց սուբյեկտիվ կարող է լինել։
Վախեր, Fu*k up-ներ, երազանքներ
Կրկնվեմ՝ մարքեթինգը ճշգրիտ գիտություն չէ, հմտությունները ժամանակի հետ թույլ են տալիս նվազագույնի հասցնել ֆաքափի հավանականությունը, բայց դրանք ամբողջությամբ բացառել բնական է անհնար է։ SMMը ուղղություններից մեկն է, ուստի ցանկացած պարագայում ձախողում ասվածը ապրանքը սպառողին հասցնելու ամենակարճ ճանապարհն առաջին կամ X անգամից չգտնելն է, դրանով մսխելով բյուջեն, ժամանակը, չհասնելով կամ անարդյունավետ հասնելով ի սկզբանե դրված նպատակներին։ Դրա համար լավ SMM-շիկը պետք է նաև լավ պատկերացնի շուկան, լավ ճանաչի իր պրոդուկտը, հասկանա այն թիրախին նվազագույն ծախսերով հասցնելու ճանապարհը։ Իրականում սրանք հմտություններ են, որոնք ժամանակի ու փորձի հետ ձևավորվում են, բայց կրկնվեմ առավել կարճ ժամանակում դրան հասնելու համար անհրաժեշտ է ճիշտ հիմք։Մասնագիտական մասով, երևի թե, իրագործել եմ իմ երազանքները գլոբալ իմաստով։ Օրինակ տարիներ առաջ ցանկանում էի այնպիսի ազատություն ունենալ, որ ապրեմ Հայաստանում ու աշխատեմ մեկ այլ երկրի շուկայի համար, քանի որ ամեն դեպքում հայաստանյան շուկան բոլոր իմաստներով սահմանափակ է, դա արդեն իսկ արել եմ։ Եթե ինչ որ ժամանակ ուզենամ ապրել մեկ այլ երկրում, բայց աշխատել երրորդ երկրի համար, դա էլ մեր մասնագիտության պարագայում հասանելի է։ Ունեմ նպատակներ մեր կազմակերպության նոր պրոդուկտների առաջխաղացման մասով լրիվ այլ շուկաներ, որոնց վրա արդեն իսկ սկսել եմ աշխատել ու մոտակա մի քանի տարում, կարծում եմ, մեծ առաջխաղացում կունենանք էս մասով։
Պետություն և ՏՏ համայնք, լեգենդներ, անելիքներ
ՏՏ համայնքի մաս հանդիսացող ընկերությունների բավականին զգալի մաս համարվում են խոշոր հարկատուներ, ուստի իրենց վճարած հարկերից ձևավորվում է պետական բյուջեն, որի մեծացումն արդեն իսկ ազդում է ցանկացած քաղաքացու վրա։ Սա դրական ու կարևոր կողմը, բայց ՏՏ ընկերությունների զգալի մասն իրենց ապրանքն արտահանում է, այսպես ասած՝ outsourse տարբերակով են աշխատում, իսկ մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ու տեղեկատվական տեխնոլոգիաների կարիքն ունեցող ոլորտները դուրս են մնում, քանի որ բիզնեսմենն իր բիզնես շահի տերն է, էստեղ արդեն իսկ պետությունն իր ստացած հարկերը եկամուտների տեսքով պետք է ճիշտ բաշխի, օրինակ ռազմարդյունաբերությունը, որը շատ կարևոր է հետպատերազմական երկրի համար, գիտություն, կրթություն, ռազմավարական մյուս ոլորտները, որոնք ՏՏ-ն անուղղակի կարող է զարգացնել, բայց դրա մենեջերը պետությունն է։ Սա իմ շատ ցավոտ կողմի մասին ուղղակի, որպես համայնքի ներկայացուցիչ, ով նաև ՀՀ քաղաքացի է ու ուզում է զարգացած տեսնել ոչ միայն իր ոլորտը, այլև՝ երկիրն ու պետությունը, հասարակությունը։Մեր պետական ու մասնավոր սեկտրի այսպես ասած փոխհարաբերություններն արդյունավետ չեն կազմակերպվում։ Դրանք ունեն իրենց ինչպես օբյեկտիվ, այնպես էլ՝ սուբյեկտիվ պատճառները։ Բնավ չեմ ցանկանում խորանալ դրանց մեջ, նախ ծավալուն է, հետո հավելյալ դիսկուրսի առիթ կտա, մենք էլ կշեղվենք բուն թեմայից։ Կարող եմ նեյտրալ մի բան նշել, ինչն իմ կարծիքով Մարքեթինգի ու PR համատեղ աշխատանք որպես մեր երկրի գրագետ գեղեցիկ ճիշտ թիրախավորված ու ճաշակով բրենդինգը կարող է լինել, որը մենք երբեք չենք արել։Մենք չունենք լեգենդներ, չունենք «գեղեցիկ ու լավ փաթեթավորված» վայրեր, չունենք խորհրդանիշեր, Հայաստանը միայն եկեղեցիները չեն, կարելի է զարգացնել բնությունից ու պատմությունից մեզ տրվածը, և դա ճիշտ ու գեղեցիկ ներկայացնել, ինչպես անում են եվրոպացիները, մեր ժառանգությունը երբեմն ոչ պակաս է, բայց չունի փաթեթավորում, ներկայացված չէ, չունի սիմվոլիկա։ Էս ամենը պետական մակարդակով ու հենց մեր ոլորտի մասնագետների համատեղ աշխատանքը պետք է լինի, ինչի մասին պարբերաբար խոսում են, բայց ստանում ևս մեկ չաշխատող անճաշակություն։ Նեգատիվ նոտայով չավարտելու համար ասեմ, որ հիմքն ունենք, ինչը շատ կարևոր է, չունենք նվիրվածություն, չունենք ցանկություն ոլորտի ոչ միայն տեղի այլև դրսի մասնագետներին ներգրավելու ցանկություն, հուսանք մի օր կհասնենք նաև դրան։ Ես իմ տեսակով անուղղելի լավատես եմ, ամեն բան անում եմ սիրով միշտ, ուստի շատ կցանկանայի, որ մարդիկ՝ անկախ ընտրած մասնագիտությունից, սիրով կատարեին իրենց աշխատանքը, դա հաջողության ամենակարևոր գրավականն է։
Հարակից հրապարակումներ`
- Ինչպե՞ս դառնալ SMM մասնագետ
- Ինչպե՞ս դառնալ IT Quality Assurance Engineer
- Ինչպե՞ս դառնալ UX/UI դիզայներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան