Մինսկից ապաստան խնդրած լեհ զինվորը դիմել է Հաագայի դատարան
Բելառուս փախած և այնտեղ ապաստան խնդրած լեհ զինվոր Էմիլ Չեչկոն պատմել է, որ լեհ-բելառուսական սահմանին տեղի ունեցած իրադարձություններից հետո դիմել է Հաագայի դատարան։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա խոսել է Systemic Human Rights կազմակերպության Telegram ալիքում հրապարակված տեսանյութում։
«Ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել իմ արարքների համար, իմ փաստաբանն արդեն դիմում է ներկայացրել Հաագայի տրիբունալ, դիմումը ընդունվել է, և գործը, ամենայն հավանականությամբ, կքննվի»,-ասել է Չեչկոն։
Նա նաև ցավակցություն է հայտնել Բելառուսի և Լեհաստանի սահմանին 22-ամյա լեհ զինվորի մահվան կապակցությամբ։ Ըստ լրատվամիջոցի՝ դա ինքնասպանություն է եղել։
«Մահվան ստույգ հանգամանքներն անհայտ են, բայց ես գիտեմ, որ լեհական բանակում ծառայությունը և այն առաջադրանքները, որոնք վերջերս դրվել են բանակի զինվորների վրա, հոգեբանորեն դժվար և հաճախ անիրականացնելի են՝ առանց առողջության վրա ազդելու»,-ասել է Չեչկոն:
Նա լեհերին հորդորել է լեհ-բելառուսական սահմանին տիրող իրավիճակի մասին տեղեկատվությունը ստուգել օտարերկրյա աղբյուրներում, քանի որ լեհական լրատվամիջոցներում դա հաճախ կեղծ է լինում։
Ինչպես պարզաբանում է «Systemic Human Rights Protection»-ը, Հաագայի միջազգային քրեական դատարան ուղարկված միջնորդությունը վերաբերում է Լեհաստանի և Լիտվայի դեմ «Ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների մասին» հոդվածով քրեական գործ հարուցելուն։ Չեչկոն հանդես է գալու վկայի կարգավիճակում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան