Ըստ օդում կախված լուրերի՝ Կենդանաբանական այգու փոխարեն ցանկանում են էլիտար թաղամաս կառուցել. Անուշ Ռաֆայելյան
«Կենդանաբանական այգում կրկնվում են կենդանիների զանգվածային անկումները և մասնագետների մասսայական հեռացումները․ մեկ ամսվա ընթացքում աշխատակիցների 20-25%-ը հեռացվել է»,-Երևանի կենդանաբանական այգու դիմաց այսօր տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ հայտնեց այգու նախկին աշխատակից Անուշ Ռաֆայելյանը և հավելեց, որ նրանց մի մասին հեռացրել են, մյուսներին ստիպել սեփական դիմումով գնալ:
Այգու տարբեր տարիների մի քանի աշխատակից բողոքում են շարունակվող կենդանիների անկման և ապաշնորհ կառավարման դեմ։
Անուշ Ռաֆայելյանի խոսքով՝ այսօր Կենդանաբանական այգում ոչ կոմպետենտ մարդկանց են ընդունում աշխատանքի, փողոցից պատահական մարդկանց են բերում:
Նրա խոսքով՝ այգում էկոլոգ են ընդունել, որը զբաղվում է ռացիոններով ու կերերով, բայց չունի մասնագիտացում:
Նա տեղեկացրեց, որ անկել է ապրել 6 անգղ, իսկ նախկինում եղել են նաև սիբիրյան լուսանի, կուլանի անկումներ:
«Ըստ օդում կախված լուրերի, դեռ 2011 թվականից լուր է շրջանառվում է, որ կենդանաբանական այգու փոխարեն ցանկանում են էլիտար թաղամաս կառուցել»,- հայտնեց այգու նախկին աշխատակիցը՝ չբացառելով մեկ այլ վարկածը, ըստ որի, այն արվում է նրա համար, որ նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հիմնադրամից կենդանիներ բերեն վարձով ցուցադրության:
Նա պնդեց, որ որոշ տեղեկություններով անկել է նաև մորուքավոր անգղ, որի շուկայական գինը 60 հազար դոլար է, իսկ ներկայիս անկած 6 անգղից յուրաքանչյուրի գիը 10 հազար դրամ է:
«Եկենք ընդունենք, որ եթե որոշել են այգին փակել՝ երկրում այնքան բան չունենք, կարանք և կենդանաբանական այգի էլ չունենալ, բայց պետք չէ սատկացնել կենդանիներին, դրանք արժեք ունեն»,-հայտարարեց Անուշ Ռաֆայելյանը և տեղեկացրեց, որ ակցիայի մասնակիցները 3-ն են, քանի որ նրանց մեծ մասն ընդունել են նախօրեին կառավարման խորհրդի հայտարարության հորդորը:
Հիշեցնենք, որ հունվարի 30-ի ուշ երեկոյան «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի
Կառավարման խորհուրդը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր.
«Ինչպես տեղեկացանք սոցիալական ցանցերից, Երևանի կենդանաբանական այգու դիմաց նախատեսվում է կազմակերպել ցույց։
Երևանի կենդանաբանական այգու Կառավարման խորհուրդը կոչ է անում ցույցերի կազմակերպիչներին և մասնակիցներին զերծ մնալ չստուգված տեղեկությունների վրա հիմնված գործողություններից, որոնք խաթարում են այգու բնականոն աշխատանքը, ինչի արդյունքում տուժում են, առաջին հերթին, բոլորիս պատասխանատվության ներքո գտնվող կենդանիները։
Այգու խնդիրները ԵԿԱ Կառավարման խորհրդի կենտրոնում են, դրանք պարբերաբար քննարկվում են, դրանց լուծման համար, այգու տնօրինության և աշխատակազմի հետ համատեղ, շարունակաբար մշակվում են համապատասխան գործողություններ:
Անգղների անկումը ԵԿԱ Կառավարման խորհրդի 29.01.2022թ. նիստի օրակարգային հարցերից էր։ Անկման պատճառները պարզաբանելու նպատակով իրականացվում են լաբորատոր հետազոտություններ, որոնց արդյունքների վերաբերյալ կտրվի հավելյալ տեղեկատվություն»։
Հարակից հրապարակումներ`
- Կենդանաբանական այգու հորդորը. Ցույց մի արեք, կենդանիները տուժում են
- Կենդանաբանական այգու կենդանիները տևական ժամանակ չեն կերակրվել․ այգու կենդանաբույծը նոր մանրամասներ է հայտնում