Արցախում 35 զինվորական բնակարան է ստացել
Հունվարի 31-ին բնակարանամուտի հերթական արարողությունն է տեղի ունեցել Մարտակերտ քաղաքում, որտեղ սոցիալական կարևորագույն խնդրի լուծման հանգրվանին են հասել ՊԲ-ի գործող և պահեստազորի ևս 35 զինվորականներ։ Ինչպես հաղորդում են Արցախի ՊԲ-ից, նոր բնակարանների վկայագրերը անձամբ հասցեատերերին է հանձնել և շնորհավորանքի խոսքեր ուղղել ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանը:
Բնակարանները հատկացվել են ՊԲ-ի գործող հերթացուցակի համաձայն՝ վիճակահանության միջոցով:
Նոր բնակարանները տրամադրվել են հիմնականում նորակառույց շենքից, կառուցված են տիպային չափորոշիչներին համապատասխան և ապահովված կեցության համար անհրաժեշտ բոլոր պայմաններով:
Հաշվի առնելով խնդրի ՝ անչափ զգայուն լինելու հանգամանքը և արդարության սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը, գործընթացը խստագույնս վերահսկվում է բանակի հրամանատարության ու ոլորտի պատասխանատուների կողմից: