ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ի տնօրենի պաշտոնում ընտրվեց Ավետիս Ծատուրյանը
Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության այսօրվա նիստում ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվել է Ավետիս Ծատուրյանը, ով մինչ այժմ կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր:
ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայության փոխանցմամբ, Ավետիս Ծատուրյանը ծնվել է 1985 թ-ին, Աբովյան քաղաքում: 2006 թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի դեղագործական քիմիայի բաժինը: 2010 թ-ին ընդունվել է ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն, որտեղ էլ կայացել է որպես գիտնական: 2019-2021 թթ-ին զբաղեցրել է կենտրոնի ինովացիոն և ընդհանուր հարցերի գծով փոխտնօրենի պաշտոնը, իսկ 2021 թ-ի հուլիսից կենտրոնի տնօրենի պաշտոնակատարն էր:
Ավետիս Ծատուրյանը ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ի գիտական խորհրդի և Կենսատեխնոլոգիական հայկական ասոցիացիայի անդամ է, դասավանդում է Երևանի պետական համալսարանի ֆարմացիայի ինստիտուտի ֆարմքիմիայի և ֆարմակագնոզիայի ամբիոնում:
Ավետիս Ծատուրյանը քիմիական գիտությունների թեկնածու է, 25 գիտական հոդվածի հեղինակ: Զբաղվում է ժամանակակից վերլուծական հետազոտություններով, իրականացրել է տարբեր բնույթի կենսաբանորեն ակտիվ միացությունների կառուցվածքային հետազոտություններ, որակական քանակական անալիզներ՝ ժամանակակից անալիտիկ սարքավորումներով:
Ավետիս Ծատուրյանը ներկայացրել է ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ի գիտակազմակերպական գործունեության ծրագիրը, որի իրականացման շրջանակներում նախատեսվում են հիմնարար հետազոտություններ մանրէաբանության, մոլեկուլային կենսաբանության, գենոմիկայի/մետագենոմիկայի, կենսաճարտարագիտության, կենսասինթեզի և կենսակատալիզի բնագավառներում, կիրառական հետազոտություններ և տեխնոլոգիաների մշակում արդյունաբերական կենսատեխնոլոգիայի, կանաչ քիմիայի, կենսաերկրատեխնոլոգիայի, կենսավերականգնման, դեղապատրաստուկների արտադրության, ագրոկենսատեխնոլոգիայի և ֆունկցիոնալ սննդի բնագավառներում:
Նա նաև ներկայացրել է կենտրոնի ձեռքբերումներն իր ժամանակավոր պաշտոնավարման ընթացքում, մասնավորապես՝ փորձաարտադրական կայանի և լաբորատոր տարածքների վերանորոգման աշխատանքներ, նոր պրոբիոտիկ հատկություններով օժտված «Նարարգին» կենսաբանորեն ակտիվ հավելման պետական գրանցում, համագործակցության հուշագիր Արցախի գիտական կենտրոնի և ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ի միջև, Արցախում «Նարինե Պլյուս» կենսապատրաստուկի արտադրության կազմակերպման աջակցություն, միջազգային գիտաժողովի և երիտասարդ գիտնականների դպրոցի կազմակերպում:
ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը նշել է «Ավետիս Ծատուրյանն ապացուցել է, որ կազմակերպված կառավարիչ է: Կենտրոնում իր գործունեության ընթացքում նա կարողացել է կարգավորել բոլոր հարցերը բարձր մակարդակով»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան