Լեոնիդ Կուրավլյով․ Դերասան, որին սերունդները միշտ կհիշեն
Լեոնիդ Կուրավլյովի էկրանային ճակատագիրը կարծես տեղավորվում է նրա առաջին մեծ ֆիլմերից մեկի վերնագրի մեջ՝ «Ապրում է այսպիսի տղա»։ Ժողովրդի մարդ, մի քիչ պարզամիտ, երբեմն հուզիչ ծիծաղելի, բայց միևնույն ժամանակ պարզ բարոյականություն ունեցող մարդ։ Դա տեսել են ռեժիսորները, զգում էր հանդիսատեսը, և արժանին էին մատուցում նրան և նվիրում աշխարհում ամենագլխավորը՝ իրենց սերը։
Ահա այսպիսին էր խորհրդային հայտնի դերասան Լեոնիդ Կուրավլյովը։ Հունվարի 30-ին դերասանի սիրտը դադարեց բաբախել։ Նա 85 տարեկան էր։
Դերասանին հոսպիտալացրել էին հունվարի 5-ին՝ կորոնավիրուսի կասկածով, սակայն COVID-19-ի ախտորոշման թեստերը բացասական արդյունք են ցույց տվել: Ավելի ուշ վիրահատել են Կուրավլյովի ստամոքսը։
Կուրավլյովը բացարձակ կինոդերասան էր՝ թատրոնի հետ «սիրավեպը» չստացվեց։ Բայց նկարահանման հրապարակում նա 100%-ով պրոֆեսիոնալ էր, այստեղից էլ հաջող աշխատանքը հայրենական ռեժիսուրայի մեծերի հետ և համագործակցությունը կինոյի գրեթե բոլոր աստղերի հետ: Այո, նա ինքն էլ անխոս աստղ էր, բայց միևնույն ժամանակ միշտ զարմանալիորեն համեստ ու նրբանկատ էր ինչպես լրագրողների, այնպես էլ հանդիսատեսի հետ, որոնք երբեմն բառիս բուն իմաստով իրենց կուռքին իրենց կողքով ճանապարհ չէին տալիս։
Կուրավլյովը միաժամանակ կարողանում էր շնորհակալ լինել ռեժիսորներին իր արտիստական կարիերայի համար։ Օրինակ, իր որդուն նա անվանել է Վասիլի Շուկշինի պատվին, ով առաջիններից մեկն է հավատացել Կուրավլյովի դերասանական տաղանդին: Եվ նրանց միջև բարեկամությունը շարունակվեց մինչև Վասիլի Մակարովիչի կյանքի վերջը:
Նրան սիրում էր Լեոնիդ Գայդայը՝ խորհրդային կատակերգության գլխավոր վարպետը։ Նա ուներ սուր հոտառություն, և Կուրավլյովին առաջարկել է այնպիսի դերեր, որպեսզի նախկինում խաղացած կերպարի կրկնությունը տեղի չունենա: Օրինակ, անհաջող փեսացուՎոլոդյա Զավիտուշկինը «Չի կարող պատահել» ֆիլմում, սկզբունքային ճշմարտախոս Սպարտակ Մոլոդցովը «Կյանքի համար վտանգավոր» ֆիլմում։
Նա հայտնի է «Աֆոնյա», «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը», «Հանդիպման վայրը փոխել չի կարելի», «Առավել հմայիչ և գրավիչ», «Ոսկե հորթ» ֆիլմերում իր մարմնավորած կեպարներով:
Ժողովրդական արտիստի կոչումը նրա համար միայն կոչում չէր, նա իսկապես ժողովրդական արտիստ էր, որի հանդեպ սերը դեռ երկար կմնա շատ սերունդների մոտ, որոնք ուրախությամբ կսպասեն Լեոնիդ Կուրավլյովի էկրանային հերոսների հետ հաջորդ հանդիպմանը։