Տեղ համայնքի բնակիչները դեռ փոխհատուցում չեն ստացել կորցրած հողատարածքի համար, ադրբեջանցիներն էլ հափշտակված ոչխարները չեն վերադարձնում
Ադրբեջանական կողմը մինչ օրս չի վերադարձրել Տեղ համայնքի հովիվ Սուրիկ Մաթևոսյանի ոչխարներին։ «Փաստինֆո»-ին այս մասին ասել է Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցը։
«Բանակցությունները շարունակվում են, բայց դեռ ոչ մի լուրջ բան չկա։ Սպասողական վիճակ է»,-ասել է համայնքապետը՝ հավելելով, որ եթե ոչխարներն այդպես էլ չվերադարձվեն, ապա հովվին փոխհատուցում կտրվի։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանցիները հունվարի 13-ին առևանգել էին Տեղ համայնքի հովիվին և տարել նրա ամբողջ հոտը։ Ռուս խաղաղապահների միջնորդությամբ ՀՀ քաղաքացուն վերադարձրել են, սակայն հոտը՝ ոչ։
Անդրադառնալով համայնքների հողատարածքները ադրբեջանցիներին թողնելու ՀՀ իշխանությունների գործողության հետեւանքով սեփականությունից զրկված գյուղացիներին փոխհատուցում տրամադրելու հարցին՝ Դավիթ Ղուլունցը նշել է, որ գյուղերի վարչական ղեկավարները հավաքում են բնակիչների տվյալները։
Հարցին՝ հայտնի՞ է, թե քանի բնակիչ է փոխհատուցում ստանալու, Դավիթ Ղուլունցը նշել է՝ այս պահին ստույգ թիվ չի կարող ասել։
«Առաջին խմբի թղթերն արդեն ուղարկել ենք մարզպետարան, երկրորդ խմբի գյուղացիների տվյալներն էլ արդեն հավաքում են։ Դրանք նույնպես կուղարկենք մարզպետարան»,-նշել է համայնքապետը՝ հավելելով, որ այս պահի դրությամբ բնակիչները դեռ փոխհատուցում չեն ստացել։
Նրա խոսքով հողատարածքների կորստի համար նախատեսված է 1 հա-ի համար 200 հազար դրամ փոխհատուցում տալ բնակիչներին։
Հարցին, թե ընդհանուր առմամբ քանի հեկտար հողատարածքի համար պետք է փոխհատուցում տրվի, Դավիթ Ղուլունցը կրկին կոնկրետ թիվ չի նշել։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցիների կողմից առևանգված Տեղ համայնքի բնակչին ռուս խաղաղապահները հանձնել են ՀՀ ԶՈւ ներկայացուցիչներին
- Ադրբեջանցիներն առևանգել են Տեղ համայնքի հովվին. բանակցություններ են վարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան