Ի՞նչ եղանակ է սպասվում փետրվար ամսին
Հանրապետության տարածքում փետրվար ամսվա օդի ջերմաստիճանը միջինը կազմում է -5...-8⁰C, որը 1⁰C-ով բարձր է հունվարի միջին ջերմաստիճանից:Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ ներկայացնելով փետրվար ամսվա եղանակային կանխատեսումը։
Առաջին տասնօրյակը բնորոշվում է առավել ցածր ջերմաստիճաններով, այնուհետև ջերմաստիճանն աստիճանաբար բարձրանում է:
Սովորաբար փետրվարը հունվարից տաք է, սակայն տարիների 15-20%-ի դեպքում միջին ամսական ջերմաստիճանը փետրվարին հունվարից ցածր է եղել:
Հանրապետության տարածքում հիմնականում դիտվում է ձյուն, սակայն հովտային շրջաններում տարիների 20%-ի դեպքում դիտվել է անձրև: Այդ շրջաններում փետրվարին ձնածածկը կազմում է 8-14 օր:
Նրա բարձրությունը չի գերազանցում 7սմ-ը, դիտվում են տարիներ, երբ ձյունը վերանում է փետրվարի առաջին տասնօրյակին: Հովտային շրջաններում առանձին դեպքերում կայուն ձնածածկ բոլորովին չի առաջանում:
Մառախուղով օրերի թիվը փետրվարին միջինը դիտվում է 1-8 օր: Մառախուղներ դիտվում են հիմնականում լեռնանցքներում և ցածրադիր վայրերում:
Փետրվարը հունվարի համեմատ ավելի քամոտ է, զգալիորեն քչանում է անդորր օրերի քանակը:
Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է 0...-2°C:
Արարատի, Արմավիրի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային շրջաններում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է 0...-2°C:
Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում՝ -6...-8°C:
Լոռու մարզում՝ -2...-4°C, Տավուշի մարզում՝ -1...+1°C:
Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում օդի միջին տարեկան ջերմաստիճանը կանխատեսվում է 0...-2°C, լեռնային շրջաններում` -6...-8°C:
Սյունիքի հովտային շրջաններում +2...+3°C, նախալեռնային շրջաններում` -2...-4°C:
Արցախի հովտային շրջաններում կանխատեսվում է +2...+3°C, նախալեռնային շրջաններում` 0...-2°C: