Մեծ Բրիտանիան իր աջակցությունն է հայտնել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 1-ին հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Քրիս Հիթն-Հարիսի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Քրիս Հիթն-Հարիսին նախարար նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել կարևոր պաշտոնում հետագա գործունեության մեջ:
Ըստ ԱԳՆ-ի՝ կողմերն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության և Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին և նշել, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում մեծ աշխատանք է կատարվել երկկողմ հարաբերությունների կայացման և ամրապնդման ուղղությամբ:
Արարատ Միրզոյանն ու Քրիս Հիթն-Հարիսը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների օրակարգի հետագա ընդլայնման ու երկխոսության ակտիվացման շուրջ։
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունությանը և անվտանգությանը վերաբերող հարցեր:
ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրների շարքում ընդգծվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական կրոնական ու մշակութային ժառանգության պահպանությունը:
Զրուցակիցները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Քրիս Հիթն-Հարիսը նշել է, որ Միացյալ Թագավորությունը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը։
Արարատ Միրզոյանը և Քրիս Հիթն-Հարիսն անդրադարձել են նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորման գործընթացին։ Բրիտանական կողմն իր աջակցությունն է հայտնել կարգավորման գործընթացին: