«Թղթե ականներ». Կամո Նիգարյանի պայթուցիկ պաստառային արվեստը՝ ՀԱՊ-ում
Հայաստանի ազգային պատկերասրահը ներկայացնում է հայ ժամանակակից արվեստի և դիզայնի ականավոր դեմքերից մեկի՝ Կամո Նիգարյանի (1950-2011) պաստառային արվեստի առաջին հետահայաց ցուցադրությունը։
Ազգային պատկերասրահից հայտնում են, որ «Թղթե ականներ» ցուցահանդեսը, որը կազմակերպվել է «Թեք տեղ» թատրոնի կողմից և Երևանի Գյոթեի կենտրոնի համագործակցությամբ, ընդգրկում է ավելի քան յոթանասուն տպագրված և անտիպ պաստառներ, ինչպես նաև նախապատրաստական էսքիզներ, որոնք ամբողջական պատկերացում են տալիս 1970-2000-ականներին Նիգարյան գրաֆիկ-դիզայների մասնագիտական զարգացման մասին:
Անդրադառնալով քաղաքական, թատերական, ցուցահանդեսային և կինոյի թեմաներին, Նիգարյանը կոտրել է այն իլյուստրատիվ և խրատական մոտեցումների սահմանը, որոնք բնորոշում էին պաստառների նկատմամբ վերաբերմունքը ԽՍՀՄ-ում և Հայաստանում։ 1960-ականների լեհական, կուբայական և արևելա-գերմանական գրաֆիկական արվեստի ազդեցության տակ նկարիչը միաձուլել է էքսպրեսիոնիստական, սյուրռեալիստական և մինիմալիստական ոճերը գրատպության կոնցեպտուալ կիրառմամբ՝ ստեղծելու «քննադատական» պաստառի իր ուրույն տեսլականը:
Ցուցահանդեսի համադրողն է Վիգեն Գալստյանը: Ցուցահանդեսը կբացվի փետրվարի 4-ին։