Էլեկտրաէներգիայի, ջրի և գազի գների աճը 2022 թ. գնաճին հավելյալ կավելացնի 1-1.5%. Մարտին Գալստյան
«Սննդամթերքի գները շուրջ 12%-ով աճել են ու աճի հիմնական պատճառներից մեկը արտաքին շուկաներից եկող գնաճն է, որը համաշխարհային ֆենոմեն է»,- հրավիրված ասուլիսում ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը և հիշեցրեց, որ ՀՀ-ում ընդհանուր գնաճը 7.7 % է, ԱՄՆ-ում՝ շուրջ 7%, երբ այնտեղ նման գնաճ տեղի չէր ունեցել 1982 թվականից ի վեր:
Նրա խոսքով՝ ՌԴ-ում գնաճը 8.4% է և աճում է, իսկ Հայաստանում 9.3%-ից իջել է 7.7 %-ի:
Մարտին Գալստյանը նշեց, որ գնաճի երկրորդ աղբյուրն ապրանքների սեզոնային թանկացումներն էին, որոնց վերադարձը բնականոն մակարդակի նպաստեց նրան, որ տարվա վերջում այն 9.6%-ից իջավ ԿԲ կանխատեսած 8.4%-ից էլ ավելի ներքև:
«Ակնկալել, որ այս տարվա ընթացքում գնաճը սննդամթերքի մասով կկրկնի 2021թ-ի վարքագիծը՝ մեր բազային սցենարով այդպես չէ, մենք ակնկալում ենք, որ դրանք նվազ տեմպերով են աճելու»,- հայտնեց հանրապետության գլխավոր դրամատան նախագահը և տեղեկացրեց, որ ընթացիկ տարվա համար կանխատեսում են 5-5.5 % գնաճ:
Նա տեղեկացրեց, որ ԿԲ-ն արդեն հաշվարկել է ջրի և էլեկտրաէներգիայի գնի փոփոխության արդյունքում սպասվող գնաճը, որը տարեկան կտրվածքով կկազմի 0,6 % և չբացառեց, որ էլեկտրաէներգիայի մասով կա երկրորդային էֆեկտի ազդեցության հնարավորություն:
«Քանի որ գազի գնաճի մասով մի փոքր անորոշություն կա, թե ինչ տեղի կուեննա, ենթադրությունների սցենարային վերլուծությունների արդյունքում կարգավորվող գների ընդհանուր գնաճը գնահատում ենք 1-1.5 %»,- ասաց Մարտին Գալստյանը:
Պատասխանելով գնաճի զսպման առումով նախորդ տարի ԿԲ կատարած աշխատանքները՝ Գալստյանն ասաց.«Գնահատում եմ դրական, քանի որ մեր հաշվարկները ցույց են տալիս, որ եթե ԿԲ-ն 2021 թ. գործողություններ չիրականացներ և այն չլիներ ապագային միտված, ապա մեր ամբողջ գնաճը կլիներ 15%, որը ենթադրում էր՝ սննդամթերքի գնաճը կլիներ 20%-ից ավելի»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան