Քրեակատարողական հիմնարկներում պատվաստվել է 732 ազատազրկված անձ
Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում գտնվող ազատությունից զրկված յուրաքանչյուր անձի հնարավորություն է ընձեռված ստանալու անվճար պատվաստում:
Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ գործընթացը կազմակերպվում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի և Քրեակատարողական ծառայության միջոցով հետևյալ ձևաչափով.
• Պատվաստումներն իրականացվում են՝ ըստ ազատազրկված անձանց ցանկության, ինչից ելնելով էլ ՊՈԱԿ-ի անձնակազմի և/կամ Քրեակատարողական ծառայության աշխատակիցների կողմից կատարվում է ցուցակագրում:
• Ազատազրկված անձանց պատվաստման գործընթացը կատարվում է քրեակատարողական հիմնարկին տարածքային առումով մոտ գտնվող՝ առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող պոլիկլինիկաների կողմից, որտեղ արդեն իսկ կցագրված են ազատազրկված անձինք:
• Ըստ դիմելիության՝ ՊՈԱԿ-ը միջնորդում է համապատասխան պոլիկլինիկային՝ քրեակատարողական հիմնարկի տարածքում ցուցակագրված ազատազրկված անձանց պատվաստումային գործընթացը քրեակատարողական հիմնարկում իրականացնելու համար՝ այդպիսով առավել արագ կազմակերպելով գործընթացը:
Հատկանշական է, որ, ինչպես մեր մյուս քաղաքացիների, այնպես էլ քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատությունից զրկված անձանց համար հասանելի են ՀՀ տարածքում առկա բոլոր պատվաստանյութերը՝ ըստ ազատազրկվածների ցանկության: Առ այսօր քրեակատարողական հիմնարկներում պատվաստվել է թվով 732 ազատազրկված անձ:
Նախարարությունից մանրամասնում են, որ չպատվաստված և ազատությունից զրկված անձանց մասով, որոնք ցանկանում են տեսակցությունն ունենալ ՊՇՌ հետազոտության հենքով, գործընթացը կազմակերպվում է հետևյալ կերպ.
• ՊՇՌ թեստավորման ցանկությունհայտնած ազատազրկված անձանց շրջանում ևս իրականացվում է ցուցակագրում: Ցուցակագրման հիմքով ազատությունից զրկված անձի կողմից նախընտրած կամ ՊՈԱԿ-ի միջնորդությամբ տվյալ քրեակատարողական հիմնարկին տարածքային առումով մոտ գտնվող ախտորոշիչ կենտրոնի կողմից ազատազրկված անձի COVID ՊՇՌ հետազոտությունն իրականացվում է քրեակատարողական հիմնարկի սահմաններում՝ ազատազրկված անձի կամ նրանց հարազատների ֆինանսական միջոցների հաշվին (ընդհանուր կարգով): ՊՈԱԿ-ի ուղեգրմամբ անվճար COVID ՊՇՌ հետազոտություն իրականացվում է բացառապես բժշկական ցուցման առկայության դեպքում:
Նշված ձևաչափով գործընթացը կազմակերպելու համար ՊՈԱԿ-ի և Քրեակատարողական ծառայության աշխատակիցներին տրվել է համապատասխան հանձնարարական: Ընդ որում, այս ձևաչափով արդեն իսկ մի շարք ազատությունից զրկված անձինք պատվաստվել և թեստավորվել են: