ՅՈՒՆԻՍԵՖ-ը չորրորդ անգամ կին է ղեկավարում
Այսօր իր աշխատանքային պարտականություններն է ստանձնել ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր գործադիր տնօրեն Քեթրին Ռասելը: Նա չորրորդ կինն է, որը ղեկավարելու է կազմակերպությունն իր 75-ամյա պատմության ընթացքում:
«Ինձ համար մեծ պատիվ է միանալ ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ աջակցելու հանուն երեխաների իրականացվող կազմակերպության ուշագրավ աշխատանքին և ղեկավարելու այն նման վճռորոշ պահին։ Այս օրերին, երբ աշխարհում միլիոնավոր երեխաներ շարունակում են տուժել կորոնավիրուսային համավարակի և այլ ճգնաժամերի ազդեցությունից, ՅՈՒՆԻՍԵՖ-ն առաջնորդում է նրանց իրավունքների իրացման և ապագան պաշտպանելու կոչը: Ես անհամբեր սպասում եմ առաջիկա աշխատանքին»,-ասել է նա։
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակից մանրամասնում են, որ ներկայում տիկին Ռասելը ԱՄՆ նախագահի օգնականն է և գլխավորում է Սպիտակ տան նախագահական աշխատակազմի գրասենյակը:
2013-2017 թվականներին նա զբաղեցրել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կանանց հիմնախնդիրների գծով գլխավոր դեսպանի պաշտոնը: Այդ պաշտոնում նա ինտեգրել է կանանց խնդիրները ԱՄՆ արտաքին քաղաքականության բոլոր օղակներում, ներկայացրել Միացյալ Նահանգները ավելի քան 45 երկրներում և աշխատել օտարերկրյա կառավարությունների, բազմակողմ կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության հետ: Նա հեղինակել է «Դեռահաս աղջիկներին հզորացնելու ԱՄՆ-ի գլոբալ ռազմավարությունը:
Մինչ այդ՝ նախագահ Բարաք Օբամայի օրոք, տիկին Ռասելը Սպիտակ տանը նախագահի օգնականի տեղակալն էր, եղել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կանանց միջազգային հարցերով ավագ խորհրդական, գլխավոր դատախազի տեղակալի օգնական Արդարադատության դեպարտամենտում և Սենատի դատական հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար։
Մինչև 2020 թվականին պետական ծառայության պաշտոններ վերստին ստանձնելը նա դասավանդել է Հարվարդի Քենեդու դպրոցում որպես Քաղաքական ինստիտուտի գիտաշխատող: Նա նաև եղել է Կանանց արտաքին քաղաքականության խմբի խորհրդի համանախագահ, Կանայք կանանց համար կազմակերպության (Women for Women International) խորհրդի անդամ, Sesame Street խորհրդատվական խորհրդի անդամ, KIVA ոչ առևտրային կազմակերպության խորհրդատվական խորհրդի անդամ, ինչպես նաև Thomson Reuters հիմնադրամի Trust Women նախաձեռնության անդամ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին