Երկար քննարկումներից հետո նախագահի պաշտոնում կանգնեցինք Վահագն Խաչատրյանի թեկնածության վրա. Սիմոնյան
«Հանրապետության նախագահի 5-6 թեկնածուներ են քննարկվել։ Շատ արժանի թեկնածուներ են եղել, եղել է կին թեկնածու, բայց քննարկումների վերջում կանգնել ենք Վահագն Խաչատրյանի թեկնածության վրա»,- ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանի մասնակցությամբ փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի լիազորությունները ստանձնած Ալեն Սիմոնյանը:
Հարցին՝ ինչո՞ւ ընտրությունը կանգ առավ Վահագն Խաչատրյանի թեկնածության վրա, նա նշեց. «Շատ երկար է եղել քննարկումը, շատ տարբեր փաստարկներ են բերվել, երկար քննարկումներից հետո այդ որոշումը կայացրեցինք: Ես գտնում եմ, որ շատ լավ թեկնածու ենք ընտրել, որն իր անցած ճանապարհով, իր պարկեշտությամբ շատ համապատասխանում է այդ պաշտոնին և բավականին լավ կիրականացնի այն պարտականությունները, որոնք նախատեսվում են»։
Հարցին, թե ո՞վ կոնկրետ առաջարկեց Վահագն Խաչատրյանի թեկնածությունը, Ա. Սիմոնյանը պատասխանեց. «Մի քանի հոգու կողմից է առաջադրվել պարոն Խաչատրյանի թեկնածությունը, կոնկրետ չեմ կարող մտաբերել, որովհետև շատ երկար ենք քննարկել: Ինչ վերաբերում է իմ թեկնածությանը, ես ինքնաբացարկ եմ հայտնել»:
Նա նաև նշեց, որ իր կարծիքով ընդդիմության հետ հանդիպելու և բանակցությունների վարելու կարիքը չկա, որպեսզի ՔՊ-ի նախագահի թեկնածուն առաջին փուլով ընտրվի։
Պատասխանելով հարցին՝ պատրա՞ստ եք երկրորդ փուլի, քանի որ առաջին փուլի դեպքում ՔՊ-ի ձայները չեն բավականացնի, Ալեն Սիմոնյանն ասաց. «Այո»։
Հարակից հրապարակումներ`
- Եթե դու արդեն մի քաղաքական թիմի անդամ ես, ո՞նց ես առաջնորդվելու համազգային շահերով. Վարդևանյանը՝ Վահագն Խաչատրյանի թեկնածության մասին
- Ալեն Սիմոնյանը շրջայց է կատարել նախագահական նստավայրում
- Քննարկումներ կան. Արտակ Զաքարյանը՝ նախագահի թեկնածու ունենալու մասին
- Ալեն Սիմոնյանը ստանձնել է Հանրապետության նախագահի լիազորությունները
- Հաշվի առնելով բոլոր չափանիշները՝ ես կարող եմ առաջադրվել. Վահագն Խաչատրյանը նախագահի թեկնածու լինելու մասին
- Աշոտյան. Սիրելի ժողովուրդ, ձեզ շուտով նախագահ է դառնալու մի շարքային դավաճան կռիս
- ՔՊ-ն քննարկել է Վահագն Խաչատուրյանին ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու հարցը