ՄԻՊ-ին դիմել են դատավորի փաստաբանները
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացնում է՝ պաշտպանին են դիմել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի փաստաբանները՝ նշելով, որ իրենց վստահորդի նկատմամբ իրականացվում է անօրինական քրեական հետապնդում, ինչպես նաև որ վտանգված է նրա անձնական ազատության իրավունքը:
«Ըստ փաստաբանների՝ հարցը վերաբերում է իրենց վստահորդը հանդիսացող դատավորի վարույթում գտնվող ու դեռ նրա վարույթում շարունակվող գործով դատավորի կողմից՝ որպես քրեական վարույթն իրականացնող մարմին, իր իրավասության սահմաններում որոշում կայացնելուն: Փաստաբանները նշել են նաև, որ քրեական հետապնդման մարմնի արարքները ոտնձգություն են դատավորի անկախության նկատմամբ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվել է նաև ՀՀ դատավորների միության հայտարարությունը, որով մտահոգություն է հայտնվել նշված՝ Բորիս Բախշիյանի գործի հետ կապված:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է նաև, որ ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու մասին քրեական հետապնդման մարմնի միջնորդությունները:
Ուսումնասիրելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած Բորիս Բախշիյանի փաստաբանների բողոքի հանգամանքները, ՀՀ դատավորների միության, ՀՀ գլխավոր դատախազության հայտարարությունները՝ Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում արձանագրել, որ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու ու հատկապես նրան անձնական ազատությունից զրկելու հարցը քննարկելիս քրեական վարույթի այս փուլում առանձնապես կարևոր է պարզել, թե դատավորը կոնկրետ իրավիճակում կարող էր արդյոք սեփական հայեցողությամբ գնահատել գործի հանգամանքները և կայացնել անձին կալանավորելու որոշում այնպիսի գործով, որում հանդես է գալիս՝ որպես վարույթն իրականացնող մարմին:
Այս պայմաններում կարևոր հանգամանք է նաև այն, որ, ինչպես Պաշտպանին տեղեկացրել են փաստաբանները, դատախազը չի բողոքարկել կալանք կիրառելու մասին դատարանի այն որոշումը, որի համար նա հետապնդվում է:
Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես է քննադատության ենթարկել խափանման միջոց կալանքների չարաշահման պրակտիկան դատարանների կողմից, բայց այս հայտարարությունը վերաբերում է կոնկրետ իրավիճակի և այդ կոնկրետ իրավիճակում որոշում կայացնելու դատավորի իրավասությանն ու միևնույն ժամանակ` այդ որոշման համար իրավապահ մարմնի կողմից դատավորին քրեական հետապնդման ենթարկելու իրավաչափությանը: Այս հարցը համակարգային կարևորություն ունի նաև դատական իշխանության անկախության տեսանկյունից:
Մարդու իրավունքների պաշտպանի համար սույն գործով պարզելու ենթակա կարևոր հանգամանք է նաև փաստաբանների պնդումն առ այն, որ դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդումը կապված է մեկ այլ գործով անձին կալանքից ազատելու նրա որոշման հետ: Այս մասին ակնարկ կա նաև ՀՀ դատավորների միության հայտարարությունում:
Փաստաբանների բողոքի հիման վրա գրություն կհասցեագրվի համապատասխան քրեական հետապնդման մարմնին»,-ասված է ՄԻՊ տարածած հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Սարդարյան. Բարձրագույն դատական խորհուրդը իր այս քայլով արժեզրկեց իր սահմանադրական առաքելությունը
- Դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ ԱԱԾ-ն հետաքրքրություն է ցուցաբերել ամիսներ առաջ՝ Փաշինյանի աջակցին կալանավորելու համար
- ԲԴԽ-ն վերածվել է ազդեցության և քաղաքական հրահանգներին չենթարկվող դատավորներին վախեցնելու և պատժելու գործիքի. Վարդևանյան
- ԲԴԽ-ն բավարարել է դատավոր Բորիս Բախշիյանին ազատությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությունը
- Դատավորներն այսօր հավաքվելու են Երևան քաղաքի դատարանի Աջափնյակի նստավայրի մոտ
- Արսեն Բաբայան. Հայերեն ասվել էր ժամանակին. կա՞ նենց մի դատավոր, որ կհամարձակվի իմ ասածը չանել